VERELQ-ը ներկայացնում է հարցազրույց ԱՄՆ-ի հարցերով հայտնի փորձագետ Սուրեն Սարգսյանի հետ: Այս զրույցում բացահայտվում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների նրբությունները, տարածաշրջանային զարգացումները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա: Սարգսյանը վերլուծում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխվող դինամիկան և դրա հետևանքները Հարավային Կովկասի համար: Հարցազրույցը նաև անդրադառնում է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա:
Պարոն Սարգսյան, վերջին մի քանի տարում տեսնում ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սերտացում: Ասեք խնդրեմ, ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվե՞լ է, այն դարձե՞լ է ավելի թիրախային, հենց Հայաստանի կարիքների ու խնդիրների լուծման առումով:
Ոչ, չեմ կարծում, որ այդպես է: ԱՄՆ-ի քաղաքականությունը եղել և մնում է տարածաշրջանային: Այսինքն ԱՄՆ-ի համար կարևոր է Հարավային Կովկասը, որպես Ռուսաստանի ազդեցության նվազման կամ զսպման հարթակ: Հայաստանի վերաբերյալ, հատկապես Հայաստանի կարիքների հասցեագրման առումով ԱՄՆ-ն երբեք չի ունեցել թիրախային քաղաքականություն ու այսօր էլ չունի: Դա կարող ենք տեսնել այդ երկրի գրեթե բոլոր վարչակազմերի Ազգային անվտանգության ռազմավարություններում: Այնտեղ մշտապես ասվում է ամենակարևոր առաջնահերթությունը Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության հակազդեցությունն է: Հենց այս տրամաբանության մեջ է աշխատում ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում:
Այսինքն` այսուհետ էլ դուք որևէ դոկտրինալ փոփոխություն ԱՄՆ-ի Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի վերաբերյալ քաղաքականության մեջ, չե՞ք ակնկալում:
Ոչ միայն դոկտրինալ, այլև պրակտիկ առումով չեմ ակնկալում: Որքան շարունակվի ռուս-ամերիկյան գլոբալ կոնֆրոնտացիան, այնքան բոլոր տարածաշրջաններում, ոչ միայն Հարավային Կովկասում, բայց տվյալ պարագայում հատկապես Հարավային Կովկասը լինելու է կռվախնձոր Մոսկվայի և Վաշինգտոնի համար: Եթե գլոբալ նայենք, Ամերիկան այստեղ հետաքրքրություններ ունի որպես տարածաշրջան: Վաշինգտոնը Հարավային Կովկասում այլ առանձին պետությունների հետ լուրջ օրակարգային հարցեր չունի: Հարավային Կովկասը Մերձավոր Արևելք չէ, այնտեղ ԱՄՆ լուրջ ռազմավարական դաշնակից, ինչպիսին Իսրայելն է, չունի: Ուստի նա տարածաշրջանին ավելի գլոբալ է նայում, ՌԴ-ի հետ հակասությունների տիրույթում է դիտարկում: Ուստի ԱՄՆ-ն ձգտելու է ողջ տարածաշրջանում նվազեցնել ՌԴ-ի ազդեցությունը, որը տեղավորվում է գերտերությունների հակամարտության և մրցակցության տրամաբանության մեջ:
Այն, որ մենք այժմ տեսնում ենք ԱՄՆ-ի կտրուկ ակտիվություն Հայաստանի հետ հարաբերություններում: Խոսքը ֆինանսավորման մեծացման, ակտիվ փոխայցելությունների մասին է: Սա չի՞ խոսում Վաշինգտոնի` Երևանի նկատմամբ քաղաքականության ռազմավարական վերանայման մասին:
Իհարկե, սա կարևոր դինամիկա է: Պետք է հասկանալ դրա խորքային պատճառները, ինչպես նաև այն, թե որքանով է այդ ակտիվությունը լինելու երկարատև և կայուն: Սակայն էլի այդ ամենը, այդ թվում ակտիվ փոխայցելությունները, պետք է դիտարկել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի տիրույթում: Ակնհայտ է, եթե անգամ ԱՄՆ-ն Հայաստանում ունենա շատ մեծ ազդեցություն, իսկ Ադրբեջանում և Վրաստանում ոչ, ապա միայն Հայաստանով որևէ բան չի կարող անել: Հայաստանը չի կարող ինքնաբավ գործոն լինել այս տարածաշրջանում նույնիսկ ԱՄՆ-ի աջակցությամբ, քանի որ աշխարհագրությունն այլ բան է ասում: Պետք է ուղղակի նայել մեր տարածաշրջանի քարտեզին և շատ բան պարզ կդառնա: Մեր տարածաշրջանի կառուցվածքը, աշխարհագրությունը հաշվի չառնել չեն կարող: Որքան էլ ԱՄՆ-ն Հայաստանին տարածաշրջանում վերաբերի որպես կղզյակ լինի դա ժողովրդավարության, թե իր շահերի կղզյակ, միևնույն է, եթե հարևան պետություններն այլ պատկերացում ունեն այս տարածաշրջանի ապագայի մասին, ապա միայն ՀՀ-ով լուրջ գործոն դառնալը չափազանց բարդ է լինելու:
Այն, որ մենք տեսնում ենք Վրաստանի և Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի հարաբերություններում աճող խնդիրներ: Սա հանգեցնում է Արևմուտքի համար Հայաստանի կարևորության բարձրացմա՞ն, թե՞ ոչ:
Տեսեք, այստեղ կարևորության խնդիրը չէ, այլ ռեալ պոլիտիկի խնդիրն է: Եթե Վրաստանն էլ դուրս է գալիս Արևմուտքի ազդեցության գոտուց, դա նշանակում է, որ Հայաստանը չունի այլևս հարևան, որն արևմտյան ազդեցության գոտում է կամ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իրական և իրատեսական գործընթացի մեջ է: Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, և որևէ հարևան պետություն չունի, որ ԵՄ անդամ է, սա արդեն ենթադրում է ՀՀ-ի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի տասնապատիկ բարդացում: Այսինքն Հայաստանը չի ունենալու սահման ԵՄ անդամ որևէ պետության, այն է` Եվրամիության հետ:
Վերադառնալով ԱՄՆ-ի և այդ երկրում ծավալվող ներքաղաքական նախընտրական գործընթացներին: Ասեք, խնդրեմ, որքանո՞վ է Հայաստանը կամ հայկական սփյուռքը գործոն այդ ընտրություններում: Ի՞նչ տեղ ու դեր ունեն նախընտրական պայքարում:
Հաշվի առնելով Միացյալ Նահանգների ընտրական համակարգը, այն հանգամանքը, որ գոյություն ունեն ընտրողների և ընտրիչների ինստիտուտները, նախագահական ընտրությունների պարագայում, այդքան էլ կարևոր չեն հայկական ձայները:
Տեսեք, Կալիֆոռնիան, որտեղ ամենամեծ հայկական համայնքն է կենտրոնացած, մշտապես ընտրում է դեմոկրատներին: Մասաչուսեթսը, որտեղ էլի մեծ թվով հայեր են ապրում, նույնպես ընտրում է դեմոկրատներին: Նույնը կարող ենք ասել Նյու Յորքի և Նյու Ջերսիի մասին և այլն: Այսինքն` հայ համայնքն առանձնապես ազդեցություն չի ունենում նախագահական ընտրություններում ընտրողների ձայների վերջնահաշվարկի վրա: Այնտեղ լինում են «կարմիր» և «կապույտ» նահանգներ: Որտեղ հայերն են, դրանք կապույտ նահանգներն են հիմնականում, իսկ այդ նահանգներն ընտրում են Դեմոկրատական կուսակցությանը: Այնպես, որ Հանրապետական կուսակցությունը կարող է առանձնապես ջանքեր չթափել հայերի ձայներն իր կողմը տանելու համար:
Կա ընդունված տեսակետ, որ եթե Քամալա Հարիսն է ընտրվում ԱՄՆ նախագահ, ապա ամենայն հավանականությամբ կշարունակվի ՀՀ-ԱՄՆ կապերի խորացման ներկա քաղաքական ուղենիշը: Թրամփի նախագահ դառնալու պարագայում ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հայաստանի հարցերում կտրուկ կնվազեցնի իր ներգրավվածությունը: Այդպես է՞:
Նախ սկսենք նրանից, որ ով էլ հաղթի այդ ընտրություններում, Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխվելու է: Վարչակազմ է փոխվում, դա բնական է գալիս են նոր առաջնահերթություններ և մոտեցումներ: Թրամփը հաղթի, թե Հարիսը, ոչ թե Հայաստանի նկատմամբ, այլ գլոբալ քաղաքականությունը կարող է փոխվել, որն անուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Ենթադրենք Թրամփը եկավ և փորձեց բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, ապա ինչ-որ ձևով Հայաստանի վրա ազդելու է: Ելնելով այն հաշվարկից, որ գլոբալ լարվածության նվազումը, մանևրի ավելի մեծ հնարավորություն կտա Հայաստանին իր արտաքին քաղաքականության նպատակների իրացման համար: Սա վարկած է:
Միևնույն եթե Թրամփը գա իշխանության, բարիդրացիական հարաբերություններ հաստատի ՌԴ-ի հետ, բայց հակառակի պես ավելի կոշտ հարաբերություններ է որդեգրում Իրանի նկատմամբ, ապա Հայաստանի համար նոր խնդիրներ են ծագում` հաշվի առնելով հարևան Իրանի կարևորությունը մեզ համար: Այնպես, որ տարբեր թեկնածուների պարագայում, Հայաստանի խնդիրները տարբեր կլինեն, բայց դժվար թե նվազեն: