18.07.2025
Ընդդեմ մանրակրկիտորեն մշակված աղետի
prev Նախորդ նորություն

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային միջանցքի կառավարումը ԱՄՆ մասնավոր ընկերությանը երկարաժամկետ վարձակալության պայմանով արտապատվիրակելու վերաբերյալ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի, ինչպես նաեւ դրան նախորդած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հնչեցրած՝ գրեթե նույնաբովանդակ հայտարարությունների կապակցությամբ, առայժմ պաշտոնական Թեհրանը դիրքորոշում չի արտահայտել: Սակայն Իրանի իշխանամետ մամուլի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական վերլուծաբաններ տարբեր առիթներով անդրադարձել են այդ թեմային:


«Թեհրան Թայմզ» պարբերականը, օրինակ, հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կողմից «կարմիր գիծ» սահմանվելու փաստի մասին՝ հավելելով, որ միջանցքը պարտադրանքով բացելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Իրանը գործի կանցնի:


Ըստ Donya-e-Eqtesad օրաթերթի, որոշ իրանցի վերլուծաբաններ զգուշացրել են, որ միջանցքի գործարկման հետեւանքով հակաիրանական ուժերն անվտանգային խնդիրներ կառաջացնեն Իրանի համար:


Ալաբամայի համալսարանի ազգությամբ իրանցի պրոֆեսոր Նադեր Էնթեսարը իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ՝ պատասխանելով չափավոր արմատականների քաղաքական հոսանքը ներկայացնող «Թաբնաք» թերթի՝ այդ թեմային առնչվող հարցին, ինչպես նաեւ միջանցքի գործարկման դեպքում Իրանի հնարավոր հակազդեցությանը, ափսոսանքով է խոսել այն իրողության մասին, որ Իրանը վաղուց ի վեր Կովկասում վարում է «արձագանքման» (ռեակցիոն) քաղաքականություն եւ, հատկապես Ադրբեջանի պարագայում, հանդես է գալիս թույլ խաղացողի դիրքերից:


Ըստ Էնթեսարի, որքան Բաքուն ավելի շատ է ճնշում գործադրում Իրանի վրա եւ խախտում նրա անվտանգային ու տնտեսական շահերը, այնքան Իրանն ավելի թույլ է արձագանքում:


Պրոֆեսորի կարծիքով, այդ գործելակերպը հնարավորություն է տվել Բաքվին մերձենալու Իրանի թշնամիներին: Վերլուծաբանը վկայաբերել է Իսրայելի օրինակը, որն իր հարաբերություններն ամրապնդում է հատկապես Իրանի հետ թշնամաբար տրամադրված երկրների հետ:
Ըստ Նադեր Էնթեսարի՝ Իրանը տարիներ շարունակ, պատկերավոր ասած՝ «մի օր ուշ եւ մեկ դոլար պակաս» է վճարում իր անգործության գինը:


Պրոֆեսորը կարծում է, որ այս պահին Իրանի առջեւ քիչ ընտրանքներ են մնում, եւ դրանցից եւ ոչ մեկը գրավիչ չէ: Նա ընտրանքներից մեկը համարում է քաղաքականության եւ գործնական ծրագրերի վրա կենտրոնանալը՝ խուսափելով այնպիսի «կարմիր գծեր» սահմանելուց, որոնց իրականացման հարցում հաստատակամ չէ:


Պրոֆեսորը հիշեցնում է, որ անցյալում Իրանի մի շարք պաշտոնյաներ հայտարարել էին, որ «Զանգեզուրի միջանցքը» Թեհրանի «կարմիր գիծն» է: Նրա համոզմամբ՝ կարմիր գծեր սահմանելը արժանահավատ է դառնում միայն այն ժամանակ, երբ դրանց խախտմանը հաջորդում են լուրջ քայլեր:


Վերլուծաբանը համոզված չէ, որ Իրանն իսկապես մտադիր է որեւէ նշանակալի քայլ կատարել «Զանգեզուրի» կարմիր գիծը խախտելու դեպքում: Սակայն նա կոչ է անում հենց այս պահին գործի անցնել:


ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Իրանագետ


«Ազգ» շաբաթաթերթ


 

Հայաստանի զրոյական կետը. հիշողության զոհաբերումը խաղաղության պատրանքի համար
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով