Ազնավուրի արձանը տեղադրվեց Երևանում
Այսօր Երևանի Ազնավուրի հրապարակում բացվեց շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը։ Միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Նիկոլա Ազնավուրը։
Արձանի տեղադրման նախաձեռնությունը և ֆինանսավորումը պատկանում է Երևանի քաղաքապետարանին։ Ավինյանը նշեց, որ կարևոր էր Ազնավուրի անվան հրապարակում ունենալ հուշարձան, որն արտահայտում է նրա մշտական ներկայությունը մայրաքաղաքում․ «Այս վայրը դառնալու է հիշողության ու հանդիպումների կետ՝ երևանցիների և հյուրերի համար», — ընդգծեց նա։
Նախարար Անդրեասյանը շեշտեց Ազնավուրի եզակի տեղը յուրաքանչյուրի կյանքում՝ նշելով, որ արվեստագետը կարողացել է միավորել մարդկանց իր մշակութային ժառանգությամբ։ «Արձանի տեղադրումն այստեղ լիովին համահունչ է այս միջավայրին», — նշեց նախարարը։
Իսկ Նիկոլա Ազնավուրը հիշեցրեց, որ նախորդ տարի Փարիզում, Շանզ Էլիզեի սկզբնամասում բացվել է Ազնավուրի անվան պարտեզ, որտեղ առաջիկայում կտեղադրվի նաև նրա հուշարձանը։ «Երևանն ու Փարիզը կապված կլինեն այս երկու հուշակոթողներով՝ հայրիկիս քարոզած և մարմնավորած հայ–ֆրանսիական բարեկամության կամուրջով», — ասաց նա։
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հավելեց․ «Ազնավուրը միշտ ասում էր, որ ինքը 100 տոկոսով հայ է և 100 տոկոսով ֆրանսիացի։ Նա փարիզեցի էր, բայց երբեք չէր մոռանում իր հայկական արմատները»։
Քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանը պատմեց, որ արձանի ձուլումը կատարվել է Գյումրիում։ «Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց ինձ 1,5 տարի լինել իր կողքին ընկերության մեջ», — հավելեց քանդակագործը։