24.11.2024
Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը. նախարար
prev Նախորդ նորություն

Մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է. վարչապետ

Լուսանկարը՝ primeminister.am
Լուսանկարը՝ primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։


Վարչապետը ողջունել է ներկաններին, շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա որոշակի նրբություններին, որոնք պետք է փոփոխվեն, քանի որ այսօր ՀՀ-ի օրակարգն ու կարիքները փոխվել են, և այստեղ յուրաքանչյուրը կարող է իր աշխատանքով հաց վաստակել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Սփյուռքի և Հայաստանի համագործակցության կամ Սփյուռքի ներուժի օգտագործման նոր մոդելն այն է, որ Սփյուռքը Կառավարության, այլ կազմակերպությունների հետ օգնում, հարթակ է ստեղծում, որ մարդիկ կարողանան հաց վաստակելու նոր հմտություններ ձեռք բերել: «Եվ այս մոդելն արդեն իսկ իրեն արդարացրել է, և ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար»,- ասել է վարչապետը:


Եվ այդ համատեքստում վարչապետն ընդգծել է կրթության և գիտելիքի կարևորությունը. «Ես ուզում եմ անդրադառնալ հույսի մասին այն կարևոր խոսքերին, որ այս ամբիոնից հնչեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ընկած հույսի և հուսահատության արանքում: Իմ համոզմամբ՝ հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը: Ընդ որում` սա վերաբերում է և՛ անհատին, և՛ ազգին, և՛ պետությանը, որովհետև հույսը կամ հուսահատությունը սեփական իրադրությունը կառավարելու անընդունակությունն է կամ կարողությունների պակասությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն այդ առումով կարևորել է Սմարթ կենտրոնների գործունեությունը, որովհետև այդ նախաձեռնություններն օգնում են մարդկանց գիտելիքներ ձեռք բերել: Կառավարության ղեկավարն արձանագրել է՝ և՛ պետական, և՛ անհատական, և՛ ազգային, և՛ համայնքային մակարդակում ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է, մենք՝ որպես անհատ, որպես ազգ, որպես պետություն ունենք կրթվելու կարիք, և մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է: «Չեմ ուզում որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մեզ մեղադրում եմ անկիրթ լինելու մեջ: Ամենևին դրա մասին չէ խոսքը, որովհետև կարծում եմ՝ նախ կրթությունը երբեք շատ ու բավարար չի լինում, և երկրորդ՝ կրթության անհրաժեշտությունը և առաջնահերթությունն ընդգծելը կրթված լինելու ամենաառաջնային չափանիշն ու ցուցանիշն է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնման նպատակներից է ստեղծել կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ Սմարթ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Իսկ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը կմատուցի տարբեր տարիքային խմբերի երեխաների զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։