23.11.2024
Երևանում ավտոբուս է բռնկվել. տուժածներ չկան
prev Նախորդ նորություն

Բուլղարիայի ԱԳ նախարարին ներկայացվել է Բուլղարիա այցելող ՀՀ քաղաքացիների խնդիրները

Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասմբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը:


Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման:


Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և դրանից դրական ակնկալիքները: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի այլ թեմաների:Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը:


Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: