Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքի 25-րդ հոդվածը լրացնել նոր մասով. «Յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը»: Զեկուցողի տեղեկացմամբ պարգեւատրման` 2 տարի իրականացված պիլոտային ծրագրի արդյունքում պարզ է դարձել, որ ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Պիլոտային ծրագրին մասնակցել են բոլոր հարկադիր կատարողները: Պիլոտային ծրագրի արդյունքում պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին` օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հարցուպատասխանի ձեւաչափում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը հետաքրքրվել է` որքա՞ն է լինելու պարգեւատրման ընդհանուր բյուջեն, որքա՞ն է հարկադիր կատարողների թիվը եւ ինչպիսի՞ն է լինելու պարգեւատրման կարգը:
Լեւոն Բալյանը հայտնել է, որ հարկադիր կատարողների թիվը 610 է, իսկ պարգեւատրման ֆոնդի առավելագույն գումարը կազմելու է 500 մլն դրամ: Հարկադիր ծառայողների պարգեւատրումն էլ իրականացվելու է նրանց ներկայացրած կատարողականների հիման վրա:
Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: Նա որոշակի մտահոգություններ է հայտնել հարկադիր ծառայողների աշխատանքի հետ կապված, ընդգծել նրանց վերապատրաստելու եւ քաղաքացիների հետ բարեկիրթ լինելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հանձնաժողովը հաջորդիվ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որը քննարկվել էր նախորդիվ: