24.11.2024
Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը
prev Նախորդ նորություն

Նախագահն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

https://www.president.am/
https://www.president.am/

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների հանդեպ ունեցած Ձեր նվիրվածության, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական, առանձնահատուկ հարաբերությունների հաստատման գործում ունեցած Ձեր ներդրման համար:


Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը կապված նաև այն որոշումների հետ, որոնք ընդունել եք, որոնցով ոչ միայն աջակցություն ենք ցուցաբերել, այլ սկզբունքային դիրքորոշում եք հայտնել տարածաշրջանում և հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Շնորհակալություն ևս մեկ անգամ»:


Շնորհակալույթյուն հայտնելով ընդունելության համար սենատոր Դըվինազը նշել է, որ Սենատում Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի գործունեությունը հավելյալ խթան է երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման համար:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր:


Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև առկա սերտ փոխգործակցությունը և խորհրդարանական դիվանագիտության զարգացման առկա մակարդակը:


Կողմերը կարևորել են երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների և ապակենտրոնացված զարգացման ծրագրերի տեսանկյունից:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ առկա զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է հայկական կողմի հաստատուն դիրքորոշումը հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության մեր տարածաշրջանում և ձևավորել բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների հետ:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: