14.09.2024
Միրզոյան. Կառավարությունն իրականացնում է զբոսաշրջության խթանման թիրախային բարեփոխումներ
prev Նախորդ նորություն

ՀՀԿ․ Գործող վարչախումբի քայլերը բերելու են ՀՀ անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ.


"Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով:


Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Փաշինյանն այդ հռչակագիրը օգտագործեց Պրահայի 2022թ. հոկտեմբերի 6-ի հայտարարությունից սկսած՝ Արցախի նկատմամբ Հայաստանի սահմանադրական բոլոր հանձնառություններից ձերբազատվելու համար: Այժմ, երբ Արցախը հայաթափված է, Ադրբեջանն արդեն իրեն թույլ է տալիս հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»: Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց: Դա առավել քան հավանական է, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի պարունակում որևէ դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանի ճանաչման վերաբերյալ:


Եթե Հայաստանի կառավարիչները ցանկանում էին որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունել սահմանը ԽՍՀՄ փլուզման պահին, ապա միակ պատշաճ լուծումը Կանոնակարգում կլիներ հղումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև 1988թ. հունվարի 12-ին կնքված «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» արձանագրությանը: Այդ արձանագրությունը պարտադրում է, հողօգտագործողների միջև հողային վեճերը քննարկելիս, որպես իրավաբանական միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված թվով 182 սխեմաները և արձանագրությունները, որոնք կազմվել էին սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ: Հայաստանի համար ընդունելի այդ արձանագրության վրա հենվելու փոխարեն, որով 1988թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ է բերել շուրջ 12 360 հա տարածք, Հայաստանի կառավարիչները, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի դերը, մտացածին փաստարկներ են հորինում 1988թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988թ.-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաև սահմանագծման ամբողջ գործընթացը, իսկ այդ գործընթացի համար միակ իրավասու մարմինները, ըստ ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությունների, բացառապես երկու հանրապետությունների կառավարություններն էին:


Կանոնակարգի 5-րդ հոդվածը ելնում է հատվածական սահմանազատման գաղափարից, որը լրացուցիչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար: Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ոչ թե սահմանագծի բոլոր առանձին հատվածների համար նախօրոք որոշված և համաձայնեցված հերթականությամբ, այլ «առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով»: Դա ակնհայտորեն հնարավորություն է տալու Ադրբեջանին սահմանազատման աշխատանքներն իրականացնել առաջին հերթին սահմանագծի այն հատվածներում, որոնք կարևոր են իր համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված անկլավների և էքսկլավների հետ կապված հարցին: Արդյունքում՝ Ադրբեջանը կարող է խուսափել այն հատվածներում սահմանազատման աշխատանքներից, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ, ըստ Կանոնակարգի, յուրաքանչյուր հատվածի համար կազմված սահմանագծի անցման նկարագրությունը «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»: Այս դրույթը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ իր համար կարևոր սահմանագծի հատվածներում իր նպատակներին հասնելուց հետո կա’մ ձգձգել ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացը, կա’մ ընդհանրապես այն ավարտին չհասցնել:


ՀՀԿ Գործադիր մարմինը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են մեր երկրի անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը։


Մեկ անգամ ևս վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման գործընթացների կարևորությունը՝ պնդում ենք, որ վերջիններս պիտի իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով։


Սահմանադրական դատարանը պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս և այլ կարևոր հանգամանքներին"։


 


 


 

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
Հաջորդ նորություն next
 Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ
14.09.2024
Բաքվի ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ. ՀՅԴ