24.11.2024
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Պահանջում ենք բանակցությունների միջազգային օրակարգ ներառել արցախցիների վերադարձի հարցը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.


Արդեն ավելի քան երեսունվեց տարի է Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված մեկ միլիոնից ավելի հայերի հարցը մնում է առկախված: Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ՝ 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը: Իսկ որքա՞ն հայ է տեղափոխվել աշխարհի այլ երկրներ, շրջանցելով Հայաստանը, որևէ տեղ հստակ հաշվառված չէ:


Համացանցում առկա է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988թ. դրությամբ ապրում էին 500 հազար հայեր: Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք՝ Արցախում` 96%, Նախիջևանում (60% և ավելի) Գանձակ-Կիրովաբադում` 50%, Շահումյանի, Քարհատի (Դաշքեսանի), Խանլարի, Շամխորի շրջաներնում` 70-95%, Մինգեչաուրում, Եվլախում, Գերանբոյում, Շեմախայում, Շեքիում, Ղազախում, Թովուզում, Բարդայում, Զակատալայում, Սումգայիթում: Այսինքն, աշխարհագրական Ադրբեջանում, կրկնում ենք, իրենց բնօրրանում հազարամյակներով ապրել են հայերը, ու, հասկանալի է, որ այդ տարածքների վրա Ադրբեջան պետություն հայտնվելուն պես հայ ժողովուրդը այդտեղից չէր կարող անհետանալ: Բացի այն, որ Ադրբեջանում տեղի իշխանության ներկայացուցիչները դիմում էին հայերին կրոնափոխ լինելու կամ ազգությունը փոխելու պահանջով, իշխանության վերին օղակներում թաքցնում էին մարդահամարների իրական տվյալները՝ անընդհատ նվազեցնելով հայերի իրական թվաքանակը: Այս արարքները նման են գողի հոգեբանությանը՝ օգտագործել ցանկացած առիթ գողոնի տիրոջը ոչնչացնելու համար, որպեսզի գողոնը մնա գողի մոտ:


Տասնամյակներ շարունակ այդ տարածքներիի հայության վերադարձի հարցը անընդհատ բարձրացվել է իշխանությունների առջև, սակայն խնդիրը համարժեք արձագանքի չի արժանացել:


Սակայն այսօր, երբ օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը բռնազավթված ու ցեղասպանական գործողություններով էթնիկ զտմամբ հայաթափված է, մենք լռել այլևս չենք կարող, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարը լկտի պահանջ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կեղծ և շինծու՝ թվով 300 հազար ադրբեջանցիների անվտանգ բնակությունը Հայաստանում։


Ուստի մենք՝ Ադրբեջանից գաղթած շուրջ 1,2 մլն. հայության ներկայացուցիչներս, պահանջում ենք բանակցությունների միջազգային օրակարգ ներառել այսօրվա Ադրբեջանի տարածք՝ հայության հազարամյա բնօրրան, հայերիս անվտանգ վերադարձի ու ապրելու իրավունքի հարցը:


Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարման պայմաններում։