22.11.2024
Իրանական կողմը անհանգստության պատճառների վերաբերյալ փակագծերը չի բացել
prev Նախորդ նորություն

Հայաստանը սեղանի վրա է, Փաշինյանը՝ սեղանի տակ

2018–ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամենաշատն էին օգտագործում ինքնիշխանություն, սուբյեկտայնություն բառերը։


Արցախի հարցի հետ կապված Փաշինյանը, վարչապետի աթոռին հայտնվելու հաջորդ օրվանից, վարեց կատաստրոֆիկ քաղաքականություն՝ մայիսի 9–ին Ստեփանակերտում հայտարարելով, որ չի բանակցելու, քանզի չի ներկայացնում արցախցիներին։ Դա նվեր էր Ալիևին


Փաշինյանն արտաքուստ հզոր հայտարարություն էր անում, թե, իբր, ամեն ինչ անելու է, որ Արցախը հայտնվի բանակցային սեղանի շուրջ՝ Հայաստանի փոխարեն։ Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հայտարարությունը ներկայացվում էր որպես հեղափոխական գերնվաճում, այսինքն՝ ձևը առաջ էր բերվում բովանդակությունից ու բանակցություններն, ըստ էության, մտցվում էին փակուղի։ Բայց այդ ամենը ներկայացվում էր որպես հաղթանակ։ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»–ի ու «Հաղթելու ենք»–ի պես։


Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու գաղափարը լավ բան էր, բայց դա Արցախը պետք է լիներ ոչ թե Հայաստանի փոխարեն, այլ Հայաստանի կողքը։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե պետք է Արցախին զիջեր իր տեղը բանակցություններում, այլ ձգտեր տեղ բացել Արցախի համար։ Եվ ամենակարևորը՝ գլխավորն այն է, թե ինչ է բանակցվում, այլ ոչ թե ով և ինչպես է բանակցում։


Մի խոսքով, Փաշինյանն իր քայլերով փակուղի մտցրեց Արցախի հարցով բանակցությունները, Հայաստանին միջազգային մեկուսացման մեջ դրեց, զրկեց մեզ դաշնակիցներից, նպաստեց պատերազմին, բերեց պարտություն ու հիմա այդ ամենը շարունակվում է։


Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու խոստում տված Փաշինյանը հանձնեց Արցախն ու Հայաստանին դրեց բանակցային սեղանի վրա, իսկ ինքը մտել է բանակցային սեղանի տակ ու կատարում է բացառապես դրսից ստացած հրահանգները՝ սպասարկելով թուրք–ադրբեջանական օրակարգը և Արևմուտքի հակառուսական, հակաիրանական ծրագրերը։


Հիմա Հայաստանի վրա բանակցում են բոլորը։ Մենք վերածվել ենք օբյեկտի։ Ինչքան էլ էմոցիոնալ գնահատականներ հնչեն Պուտին–Ալիև հանդիպման, նրանց բանակցությունների կապակցությամբ, այդ էմոցիաները ռացիոնալ ու պրագմատիկ դաշտում զրո արժեք ունեն։ Նեղանալ Ռուսաստանից, ԱՄՆ–ից, ԵՄ–ից մյուսներից, թե ինչու են իրենց շահերն առաջ մղում, անմեղսունակություն է։ Դա լավագույն դեպքում։


Մեր տարածաշրջանում ամեն մեկն իր շահն է առաջ տանում։ Հրե՛ն, Վրաստանի իշխանություններն իրական կռիվ են տալիս այդ երկրի ինքնիշխանության համար, չեն ուզում ԱՄՆ–ի ձեռքում դառնալ թնդանոթի միս, չեն ուզում Ռուսաստանի դեմ օգտագործվել։ Իսկ ահա Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին՝ հանուն սեփական մասնավոր շահերի։


Ալիևը բոլորի համար դարձել է հուսալի, վստահելի ու փոխշահավետ գործընկեր, և այդ ամենը ոչ թե իր տաղանդի, այլ Փաշինյանի քայլերի շնորհիվ։


Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած սպասում են, թե երբ է հայ–ռուսական հարաբերությունների վատացումն անցնելու անդառնալիության կետը, որպեսզի Արցախի պես հայաթափեն մեր երկիրը, իսկ Փաշինյանն ու թուրքական 5–րդ շարասյան «արևմտամետ» ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որ այդ կետին մենք օր առաջ հասնենք։


Աշխարհը զարմացած հետևում է հայ ժողովրդի վարքագծին։ Քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում, մեզ չեն հարգելու, մեզ օգտագործելու են, մեզ վերացնելու են՝ միջազգային հանրություն կոչվածի հիացական, քաջալերող հայացքի ներքո։


Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», որը, իբր, չհանձնելու համար Նիկոլ Փաշինյանը «ինքնիշխանիստական» քայլեր է ձեռնարկում, ապա իրականությունն այն է, որ այդ միջանցք կոչվածը նրանից պահանջում են Արևմուտքում, որպեսզի Հայաստանը ոչ թե «Խաղաղության խաչմերուկ» դառնա, այլ խափանվի «Հյուսիս–հարավը», ինչն էլ իր հերթին Հայաստանը կվերածի տարածաշրջանային կույրաղիքի, որից ամեն մի դրսի խաղացող կփորձի իր փայը վերցնել ու դեն նետել։ Դե իսկ Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են իրենց աստեղային ժամին, որպեսզի դառնան Հայաստանի ոչնչացման թիվ մեկ շահառուն։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է հենց այդ ծրագիրը, որի մոդեռատորն ԱՄՆ է։ Վերջինիս նպատակը ոչ թե Հայաստանին վերացնելն է, այլ Ռուսաստանի ու Իրանի դեմ Հայաստանն օգտագործելը։ Այդ ամենի արդյունքում Հայաստանը կվերանա, բայց դե Արևմուտքը չի կարող հայերից ավելի հայ լինել։ Իրենց մոտ «just business» վիճակ է՝ ցինիկ և պրագմատիկ։


Հայաստանի մասին հայերս պետք է մտածենք, ոչ թե Պուտինը, Մակրոնը կամ Շարլ Միշելը, որի գործուն մասնակցությամբ և մշտաժպիտ հայացքի ներքո հայաթափվեց Արցախը։


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան