Yandex Go-ն կփոխհատուցի ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ի ակցիայի շրջանակներում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օգտատերերից ստացել էր հարցումներ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։
Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով:
«ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ: Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։