Գերմանիան Հայաստանում նոր դեսպան ունի
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով Կլաուդիա Բուշին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Գերմանիայի միջև շփումների ինտենսիվությանը՝ արձանագրելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Կարևորվել է խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանն առնչվող հարցերին: