VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն, գուցե սկզբնական փուլում դա ներկայացնեն իբրեւ նախաձեռնություն։ Ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչեւ սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո ուշագրավ է, որ երեքն էլ ոչ անմիջականորեն հարթակում, բայց իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել սրբազան պայքարին՝ Մխիթարյանը սաունդթրեքն է գրել, իսկ Թաթոյանին ու Անանյանին կարելի էր ամեն օր տեսնել հավաքներին։ Հիմա, երբ սրբազան պայքարը պասիվ փուլ է մտել, այս գործիչների եռյակը, ըստ լուրերի, կրկին ակտիվացել է ու հնարավոր է հենց աշնանը ազդարարեն նորամուտի մասին։ Չնայած նրանցից առնվազն երկուսի անունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, ում դեմ նոր թափով են քրեական հետապնդում սկսել, սակայն եռյակին մոտ կանգնած մեր աղբյուրի վստահեցմամբ` նոր ուժը որեւէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ապաստանած արցախցի քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տրամադրություններ են տիրում: Մասնավորապես, «Միասնական հայրենիք» Արցախի խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը լրջորեն է տրամադրված հայաստանյան առաջիկա նախընտրական գործընթացների հետ կապված: Նա հանդիպումներ է նախաձեռնում քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ձեւավորել արցախցիների դաշինք եւ միասնական ճակատով մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնեն իրենց խնդիրները՝ թե սոցիալական, թե Արցախ վերադարձի հետ կապված։ Մենք տեղեկացանք, որ վերջերս մի քանի նման հանդիպում է եղել:
Վերջին հանդիպմանը, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Բաբայանը բացել է խաղաքարտերը գործընկերների առաջ, ասելով, որ ինքն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, բայց կնախընտրի մեկ միասնական ճակատով մասնակցելը։ Գործընկերներն առանձնապես չեն խանդավառվել այդ առաջարկից, մատնանշել են ռիսկերն ու վտանգները: Մասնավորապես այն, որ սովորաբար իրենք են դժգոհում, որ Հայաստանում խտրական տարանջատում կա` արցախցիներ-հայաստանցիներ մասով, հիմա եթե գնան այդ ճանապարհով, ներքին թշնամանքն ավելի են խորացնելու։ Բացի այդ՝ հիշեցրել են, որ Հայաստան բռնի տեղափոխված արցախցիների զգալի մասը չունի Հայաստանի քաղաքացիություն, ուստի՝ ընտրության իրավունք, ինչն արդեն կանխորոշում է գործընթացի ձախողումը։
ԱՀ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չեն համաձայնել Բաբայանի հետ նաեւ այն հարցում, թե արցախցիների ու Արցախի խնդրով զբաղվողներ չկան, վկայակոչել են խորհրդանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որոնց հետ հատկապես վերջին շրջանում աշխատանքային համագործակցության նոր ֆորմատով քննարկում ու պետական կառավարման մարմիններին են հասցեագրում իրենց խնդիրները։
Սամվել Բաբայանը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ ձեւավորել նոր մարմին, որով կփորձեն հայաստանյան իշխանությունների հետ համագործակցել: Իհարկե, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի` համագործակցություն ասելով, բայց ներկաները հասկացել են, որ հենց ինքն է ուզում ղեկավարել այդ մարմինը՝ դառնալով արցախցիների փաստացի ղեկավար: Այս առաջարկն էլ չի ընդունվել, նրան հիշեցրել են, որ Արցախը պետական ինստիտուտներ ունի, նոր մարմնի ձեւավորումը կնշանակի դրանց լուծարում, իսկ դա հենց իշխանությունների ուզածն է։ Ի դեպ, հանդիպման ողջ ընթացքում Բաբայանը վստահեցրել է, որ տեւական ժամանակ է չի շփվում հայաստանյան իշխանությունների հետ, սակայն նրա խոսքերին ներկաները չեն հավատացել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պալատական օլիգարխ Երեմյանների բիզնեսները ծաղկում են տարատեսակ արտոնությունների տեղատարափի ներքո։ Եվ, սովորաբար, դժվարությամբ տրամադրվող պահնորդական գործունեության լիցենզիան ևս Երեմյանները ստացել են, թեև ամբողջությամբ մասնագիտացված են սննդի ասպարեզում։ Տարակուսելի է միայն այն հանգամանքը, որ ոստիկանությունը լիցենզիա է տրամադրել խոհանոց-գործարանի հասցեում՝ Արցախի 143-ում, որը մի շարք նկատառումներով, կարծում ենք, անհամատեղելի է։ Իսկ թե ում կամ ումից է պատրաստվում պաշտպանել/պաշտպանվել դասական օլիգարխ Դավիթ Երեմյանը՝ հաջորդիվ։ Հիշեցնենք, որ նա նույն Երեմյանն է, որը հովանավորում է ՔՊ-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությունը այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումը իրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը: Ակնհայտ է, որ մարզահամերգային համալիրը այս քայլով փորձում է խոչընդոտել հանրահավաքի հնարավոր կազմակերպումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրենությունը ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար: Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, և համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը օգոստոսի կեսերին կսկսի իր նախաձեռնած ստորագրահավաքը` ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով: Հիշեցնենք, որ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ ձեւավորված հարթակը շաբաթներ առաջ հայտարարեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին: Անցած շաբաթ էլ ստեղծվել է «Եվրաքվե» ֆեյսբուքյան խումբ, որն արդեն ավելի քան 200 հազար հետեւորդ ունի։
Հարթակի մաս կազմող Տիգրան Խզմալյանը մեզ հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, մի քանի հարյուր մարդ` նոտարական հաստատմամբ, լիազոր անդամի կարգավիճակ է ստացել եւ ամենայն հավանականությամբ օգոստոսի կեսին պաշտոնապես կտրվի ստորագրահավաքի մեկնարկը։ Հանրաքվեի մասին օրենքը 45 օր է նախատեսում, որի ընթացքում պետք է հավաքել 50 հազար ստորագրություն, ապա այդ ստորագրությունների օրինականությունը պետք է ստուգվի ԿԸՀ-ի կողմից, հետո դիմեն խորհրդարանին, որն էլ կընդունի, կամ կմերժի հանրաքվեի առաջարկը։
Ավելի վաղ հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։ Ըստ ամենայնի, «Եվրաքվեն» կարժանանա «Հայաքվեի» ճակատագրին, որը Արցախի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպեց, դիմեց խորհրդարանին, սակայն ՔՊ-ն տապալեց այն։ Տիգրան Խզմալյանն ասում է, որ երկրորդ փուլով կփորձեն գաղափարը կյանքի կոչել՝ արդեն 300 հազար ստորագրություն հավաքել, որ օրենքի ուժով հարցը դրվի հանրաքվեի: Այս դեպում օրենքը ժամկետներ չի նախատեսում, ուստի արեւմտամետները հարցը կարող են ուղղակի տաք պահել եւ քաղաքական դիվիդենտներ շահել` առաջիկա ընտրական գործընթացների համար։
Հիշեցնենք, որ այս ալյանսի մաս կազմող Լևոն Շիրինյանի կուսակցությունն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել նախաձեռնությանը: Ըստ որոշ աղբյուրների, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ակտիվ դերակատարում է ունեցել դրանում` նա ստանձնել է Շիրինյանի քաղաքական մեկենասի դերը:
Երեկ Լեւոն Շիրինյանը չցանկացավ մեկնաբանել մեր տեղեկությունները․ «Ոչ մի պատճառ չկա, մեր հարաբերությունները մնում են նույնը, մեր գաղափարները` նույնպես, հարցը միայն ստորագրահավաքն է, մենք իրարից տարբեր կարծիք ենք ունեցել, ուրիշ ոչ մի կարծիք չկա»: Թե որն է կարծիքների տարբերությունը, չմանրամասնեց, անարձագանք թողեց նաեւ Խաչատուր Սուքիասյանի՝ իրեն հովանավորելու մասին հարցադրումները։ Տիգրան Խզմալյանն էլ Շիրինյանի` իրենց չմիանալու մասին փոխանցեց․ «Նա մեզ դիմեց նամակով, որտեղ ասված է, որ նա կողմ է հանրաքվեի գաղափարին, բայց իրենց կուսակցությունը ստորագրահավաքը նպատակահարմար չի տեսնում»: Այսինքն՝ նախընտրում է, որ իշխանությո՞ւնը հարցը հանրաքվեի դնի․ «Հա, ինքը գերադասում էր, որ դա լինի, ըստ երեւույթին․․․ ես չգիտեմ, նա դրա մասին պաշտոնական նամակում չի շեշտել, ընդամենը ասել է, որ կողմ է հանրաքվեին, դեմ է ստորագրահավաքին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փարաքար համայնքում նոր քաղաքական կոալիցիա է ձևավորվել` իշխող Քաղպայմանագիրն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու խմբակցությունը, որ 2 տարի է բոյկոտում է ավագանու նիստերը, մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Դրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը, ինչը կարծես անհնարին էր դարձրել Փարաքարում ավագանու նիստեր գումարելը, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտում էր նիստերը, իսկ ՔՊ-ն քվորում չէր կարողանում ապահովել` առանց Դավիթ Մինասյանի։ Եւ թվում էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարումը կանցներ առանց ավագանու լեգիտիմ նիստերի, սակայն երեկ՝ օգոստոսի 14-ին ավագանին նիստ է հրավիրել եւ արի ու տես, որ Գյուլնազարյանի հրավիրած ավագանու հենց առաջին նիստը կայացել է «Ապրելու երկրի» ավագանու անդամների շնորհիվ։ Խախտելով 2.5 տարվա բոյկոտը, ԱԵ 8 ավագանու անդամներ ներկայացել են նիստին, փոխարենը նիստին չեն մասնակցել «Դավիթ Մինասյան» խբակցության 3 անդամները (ներառյալ Մինասյանը) եւ նույն խմբակցության նախկին անդամ` ներկայումս անկախ 2 ավագանիները։ ՔՊ-ից մասնակցել է 5, «Ապրելու երկրից»՝ 8 հոգի։ Համայնքում այլեւս կասկած չունեն, որ Դավիթ Մինասյանին հայտնված անվստահությունը, ապա եւ կալանավորումը ՔՊ-ի և «Ապրելու երկրի» ամիսներ շարունակ տեւած գաղտնի համագործակցության արդյունք են։ Բանն այն է, որ քաղաքական պայմանավորվածությամբ, ՔՊ-ն պետք է Դավիթ Մինասյանին դարձներ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
Իսկ այս զարգացման արդյունքում նրանց ձեռքերն ազատվել են։ «Ապրելու երկիրն» այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին, նրանց է տրվում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, «Ապրելու երկրի» աջակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Կարապետ Արթինյանը նույնպես իրականում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի ընտանիքի մերձավորն է։ Այդպիսով, «Ապրելու երկիրը» զգալի ներկայություն է ունենալու Փարաքարի վարչական կառավարման մարմիններում, ինչպես նաև մեծամասնություն է լինելու ավագանու կազմում։
Այս ամենը թերեւս պլանավորվել ու հնարավոր է դարձել «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի քավորությամբ, ովքեր մտերիմ են (Խուդաթյանը երկար տարիներ եղել է Մեսրոպ Առաքելյանի աշխատակիցը)։ Սա նաեւ Խուդաթյան-Նարեկ Մկրտչյան հակամարտության հետեւանք է` գաղտնիք չէ, որ Փարաքարում «ռուլիտ» էր անում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Այժմ Նիկոլ Փաշինյանի սիրելի Խուդաթյանն իր ազդեցությունն է ընդլայնում։ Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ԱԵ Փարաքարի ավագանու անդամ Վոլոդիա Գրիգորյանի հանքերի գործունեությունն են կասեցրել` անօրինական լինելու պատճառաբանությամբ, չի բացառվում, որ այդ գործունեությունը շարունակելու դիմաց է քաղաքական համագործակցության որոշում կայացվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հարազատները հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացրել են նրա դեմ սուտ ցուցմունք տված անձի պատասխանատվության ենթարկելու հարցը: Ինչպես հայտնի է՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել ու կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Արդյունքում՝ չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշեցին գործը փակել։ Դատախազությունն անմեղ էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության՝ ցույցերի ժամանակ Զաքար Հովհանիսյանին կյանքից զրկելու համար։
Բանն այն է, որ նրա դեմ կոնկրետ ոստիկանության աշխատակից էր ցուցմունք տվել, ու հարազատները, դիմելով հակակոռուպցիոն կոմիտե, պահանջել էին պատասխանատվության կանչել աշխատակցին, սակայն կոմիտեն հարազատների դիմումը մինչեւ օրս քննության առարկա չի դարձրել, ու առնվազն սուտ մատնության համար Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձի մասով գործողության չի դիմել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդու դատական նիստերը մոտ 6 ամիս է` չեն կայանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ դատարան չեն ներկայանում գործով տուժողները ու տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը դատարանում ավարտական փուլ է հասել ու կանգ առել: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը տեւական ժամանակ կալանքի տակ մնաց, եւ վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվեց: Ինչպես հայտնի է՝ 2022 թվականի հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Անդրադառնալով 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին՝ տեղեկացրել էինք, որ վերջին տարիներին առաջին անգամ ցուցակը ոչ թե ԶՊՄԿ-ն էր գլխավորում, այլ ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը: Դա իսկապես ամենամեծ անակնկալն էր: Միևնույն ժամանակ նշել էինք, որ հաջորդ եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը, և ԶՊՄԿ-ն կվերադառնա առաջին հորիզոնական։ Իր հերթին, կոմբինատը նշել էր, որ «առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին»:
Այդպես էլ եղավ. 2024թ. առաջին կիսամյակի տվյալներով, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը կրկին գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճարած հարկերով կրկնակի գերազանցելով արդեն երկրորդ տեղում գտնվող նույն «Մոբայլ սենթրին»: Ավելին, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը 4 անգամ ավելին են առաջին եռամսյակի ցուցանիշից և կրկնակի ավելի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով, երրորդը «Գազպրոմ Արմենիան» է, չորրորդը՝ «Գրանդ տոբակոն», հինգերորդը՝ «Փրիթի Ուեյը», նույն ինքը՝ «Վեստան»: Այստեղ ուշագրավ է, որ առաջին հնգյակում միանգամից երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով: Տնտեսագետներն այս առումով արդեն իսկ որոշակի պատճառներ են նշում, բայց դա առանձին քննարկման թեմա է:
Հետաքրքիր է, որ բավական էական առաջընթաց է գրանցել Հայաստանի արտահանման զարկերակը համարվող «Սպայկա» ընկերությունը: Եթե 2023 թվականի հունվար-հունիսին այս կազմակերպությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 128-րդն էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ոչ միայն լավագույն հարյուրյակում է, այլև առաջադիմել է միանգամից 43 հորիզոնականով: «Սպայկայի» վճարած հարկերը համեմատելի ժամանակահատվածում ավելացել են մոտ 600 մլն դրամով: Առաջատար հարկատուների ցանկում շարունակում են իրենց դիրքերն ամուր պահել բանկերը: Սակայն այս ոլորտին, ինչպես և արտադրողներին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովը: Աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող պետությունն այդ գագաթաժողովին քննարկելու է Հայաստանի և Սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, հայապահպանությանն ուղղված քայլերը, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում:
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և Սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթաժողովը կհյուրընկալի Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի: Ի դեպ, օգոստոսի սկզբից քաղաքական որոշ կառույցներ Երևանում տարբեր ձևաչափերով համաժողովներ են անցկացնում, Սփյուռքի և Հայաստանի հետ առկա խնդիրներ մատնանշում, որոշ դեպքերում՝ նաև լուծումներ առաջարկում, օրակարգ ձևավորում գագաթաժողովում բարձրաձայնելու համար: Իսկ մամուլը վերջին երկու ամսում պարբերաբար անդրադարձել է սեպտեմբերին անցկացվելիք գագաթաժողովին, նաև մատնանշել, որ գագաթաժողովի ժամանակ կարելի է առաջ մղել «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և քննարկել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Արտառոց է, բայց մինչ օրս Հայաստանը չունի «Հայրենադարձության մասին» օրենք, թեպետ հայրենադարձության, Սփյուռքի ներուժը հանուն Հայաստանի օգտագործելու թեմաներն ամենաքննարկվողներից են մեր երկրում և արտերկրի հայկական գաղթօջախներում։
Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը նախորդ իշխանությունների կողմից որոշ նախագծեր քննարկվել են, բայց այդպես էլ միս ու արյուն չեն ստացել։ Այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որտեղ ասվել էր, թե «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում, և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, նա նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:
Իշխանությունները նաև առաջարկում են օրենքով ամրագրել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բոլոր գործառույթները, որոնց շրջանակներում ստեղծվելու է «տեղեկատվական բազա»։ Այնուհետև պետք է ստեղծվի պետական մարմին, որը կհամակարգի այդ կենտրոնի գործունեությունը։ Այսպիսով, իշխանությունը ցանկանում է ձևավորել Սփյուռքի հետ երկխոսության զարգացման՝ ՀՀ կառավարությանը կից Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն (դա կարող է լինել հանձնաժողով կամ հանձնախումբ): Այդ կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթը տեղեկատվական բազա ստեղծելն է, որը պարունակելու է աշխարհասփյուռ հայ միգրանտների և նրանց զբաղվածության մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն:
Ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները ցանկանում են օրենքի նախագիծը քննարկել հենց գագաթաժողովում՝ ստանալու նաև սփյուռքյան կառույցների հավանությունը: Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ գագաթաժողովի ընթացքում նաև առաջարկվում է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Բնականաբար, Փաշինյանը գագաթաժողովին մասնակցելու համար փորձում է իրեն լոյալ խմբերին հրավիրել Հայաստան, ինչպես նաև Սփյուռքում ամրապնդել սեփական դիրքերը։ Մինչդեռ Սփյուռքում ավանդական շատ կառույցներ ընդդիմադիր են և բացասաբար են տրամադրված գործող իշխանություններին՝ նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականության պատճառով։ Վկան՝ 44-օրյա պատերազմից հետո եվրոպական մի շարք երկրներում Փաշինյանի դեմ բողոքի գործողություններն էին: Արդյունքում մի շարք անվանի սփյուռքահայերի՝ ՀՀ մուտքի արգելքներ մտցվեցին։
Նշենք, որ այս տարի հունիսի 19-ին Փաշինյանը հանդիպել էր մի խումբ սփյուռքահայերի հետ և վիճահարույց հայտարարություններ արել։ Ըստ Փաշինյանի, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ։ Նրա խոսքով, իրենց ռազմավարությունը, ՀՀ անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, և կարող են գործել միայն այնտեղ, ուր ունեն իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Ըստ Փաշինյանի, այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։
Չենք ցանկանում բարոյախոս թվալ, բայց Փաշինյանի այդ խոսքերը Սփյուռքին ուղղված վիրավորանք են թվում։ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Ըստ նրա բնութագրման, հունիսի 19-ին «Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին»: Սփյուքահայ լրագրողի տեսակետով, Փաշինյանի մտքերը հեռու են իրականությունից, և նա փաստացի ոչինչ չգիտի հայկական Սփյուռքի խնդիրների մասին: Սփյուքահայ լրագրող Հարութ Սասունյանին ավելի շատ վրդովեցրել են Փաշինյանի խոսքերը՝ կապված այն հարցին, թե քանի հայ կա աշխարհում:
Հայաստանն ահռելի Սփյուռք ունի աշխարհի հարյուրավոր երկրներում։ Եթե, պաշտոնական տվյալներով, ՀՀ բնակչությունը 3 միլիոնից փոքր-ինչ ավելի է, ապա ամենամեղմ հաշվարկներով՝ աշխարհի տարբեր երկրներում 8-9 միլիոն հայ է բնակվում։
Ամենամեծ հայկական համայնքը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունում է՝ գրեթե 2,5 միլիոն մարդ։ Ընդ որում, ՌԴ-ում հայկական համայնքը բավական կազմակերպված է, քաղաքական առումով ակտիվ մասնակցում են ներհայկական խնդիրներին, զգալի ֆինանսական և քաղաքական ազդեցություն ունեն: Հայկական ինքնության, կրթության, մշակութային և հայապահպանության առումով ՌԴ-ն առաջատարն է: Այնտեղ գործում են մեծաթիվ հայկական նախակրթարաններ, կրթահամալիրներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ:
Գրեթե 1,5 մլն հայ բնակվում է երկրորդ խոշոր գաղթօջախում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հայերն այստեղ հիմնականում կենտրոնացած են Կալիֆորնիա նահանգում, որտեղ որոշ քաղաքներում ընդհուպ մեծամասնություն են կազմում, քաղաքապետ ընտրում։ Ի դեպ, հայկական լոբբիստական կառույցները ԱՄՆ-ում շատ են: Հիմնականում այդ կառույցները փորձում են նպաստել ՀՀ արտաքին քաղաքական գործառույթներին: Այդ կառույցները լոբբիստական ահռելի աշխատանք են տանում ամբողջ աշխարհում:
Երրորդ խոշոր համայնքը Ֆրանսիան է. ըստ որոշ տեղեկությունների, 600-ից 800 հազար հայ է բնակվում Ֆրանսիայում։ Ընդ որում, այս երկրում հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է նաև տեղական ընտրություններին և, ինչպես փորձագետներն են փաստում, գրեթե ազդում դրանց ելքի վրա։ Ուստի և Ֆրանսիայի հայ համայնքը կարողանում է օրակարգ թելադրել, իսկ Հայաստանին առնչվող խնդիրներն ու հարցերը լայնորեն քննարկվում են բոլոր մակարդակներում։ Ըստ մեր աղբյուրների, Ֆրանսիայի իշխանությունը հատկապես հիմա 2 խնդիր է լուծում. հաճոյանում է հայ համայնքին նրանց ձայները ստանալու համար, մյուս կողմից՝ փորձում է տեղավորվել Հարավային Կովկասում:
Հայկական խոշոր համայնքներ կան աշխարհի այլ առաջատար երկրներում ևս, իսկ նրանց կազմակերպչական, ֆինանսական ու լոբբիստական հնարավորությունները բավական մեծ են, թեև մինչ օրս ամբողջությամբ չեն օգտագործվել ի շահ Հայաստանի և հայության։
«Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա պահպանել հայկական համայնքների ինքնությունն ու ինքնատիպությունը, հնարավորություն կստեղծի աշխարհասփյուռ հայերի համար վերադառնալ հայրենիք, նաև պետական օժանդակություն կցուցաբերի այդ հարցում։ Միևնույն ժամանակ, հարկավոր է զերծ մնալ խնդրի քաղաքական կոմպոնենտի շահագործումից, այսինքն՝ ՀՀ և Սփյուռքի հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն միայն քաղաքական բաղադրիչներով։ Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ուղղությունները, նաև հաշվի առնել տարբեր հայկական համայնքների շահերը, համադրել դրանք, օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։
Կարծում ենք, որ հատկապես այսօր, երբ որոշ պետություններում իրավիճակը լարված է, իսկ հայ համայնքը՝ վտանգված, «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը չափազանց կարևոր է։ Իսկ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է խորհրդարան ուղարկեն օրենքի նախագիծը, անհրաժեշտ կոնսենսուսով փոխադարձ ընդունելի ձևակերպումներ արձանագրեն, ընդհուպ խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցեն։ Այս հարցը չի կարելի ներքաղաքական պայքարի և նեղ կուսակցական շահերի միջոց դարձնել։ «Հայրենադարձության մասին» օրենքը կարող է դառնալ կարգավորիչ «օգնություն» հայկականության բանաձևի իրականացման գործում։