Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը. Խաչիկ Ասրյան
Փրկե՛լ, պաշտպանե՛լ, զարգացնե՛լ Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը և այն միշտ պահպանել աչքի լույսի պես. նման կոչով հանդես է եկել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:
"Իմ գիտակցական կյանքից ի վեր՝ 1988 թվականից սկսած, ես այն հաստատ համոզմանն եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և, շուրջ 35 տարի, գրեթե ամենօրյա ռեժիմով, ես ներդրում եմ ունեցել և ունեմ հայ-ռուսական հարաբերություններն անընդհատ ամրապնդելու և զարգացնելու գործում:
Անկախ նրանից, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշնակցության և հայ-ռուսական եղբայրության մակարդակն իջեցվել է պատմական զրոյի (բացառապես Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը ոչնչացնող Հայաստանի գործող իշխանության պատճառով), միևնույն է, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն ու հայ-ռուսական եղբայրությունը, ազնիվ, հավատարիմ, համարձակ, չկոռումպացված, չնահանջող թիմով, վայրկյան առաջ պետք է փրկել, պաշտպանել, զարգացնել և այն միշտ պահպանել աչքի լույսի պես։
Ի դեպ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ԱՊՀ պետությունների մեջ միակն էր, որը 2022 թվականի փետրվարի 24-ին պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահին՝ 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատով մեկնել Դոնբաս և ՌԴ ՊՆ զինվորականների հետ միասին մասնակցել Ադրբեջանի շահերը մշտապես պաշտպանող, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի իշխանությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին",- ասված է հայտարարության մեջ։