Գագիկ Բաղունցը կոչով դիմել է աշխարհասփյուռ հայությանը և Արցախի բարեկամներին
Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը և Արցախի բարեկամներին գործուն աջակցություն ցուցաբերել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29») ընդառաջ։ Արշավի նպատակն է բարձրաձայնել հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համակարգային և կոպիտ խախտումները։ Այն նաև միտված է միավորելու համահայկական ու միջազգային ջանքերը Ադրբեջանի կողմից անօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման համար։
2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունից և Արցախի ամբողջական հայաթափումից հետո, Բաքվում նման հեղինակավոր միջոցառում կազմակերպելու միջազգային հանրության (ներառյալ՝ Հայաստանի) համաձայնությունը՝ առանց այդ պետության գործած հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց հետևանքների վերացման օրակարգի հստակ ձևակերպման, լրացուցիչ հիմք է ստեղծում Ադրբեջանի հետագա ագրեսիվ և անպատիժ վարքագծի համար։
2020 թվականի սեպտեմբերից ի վեր, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ցեղասպանական ագրեսիաների հետևանքով ոչ միայն Արցախի ողջ ժողովուրդը բռնի տեղահանվեց, այլև՝ բազմաթիվ հայեր ապօրինաբար պահվում են Բաքվում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների ու ապօրինի դատավարության՝ առանց տարրական իրավունքների պաշտպանության։ Այս պատանդների, ներառյալ՝ Արցախի ութ առաջնորդների անհապաղ հայրենադարձությունը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Խուսափումը այդ պարտավորությունից պետք է հանգեցնի համապատասխան հետևանքների։
Համաշխարհային այս կարևոր միջոցառմանն ընդառաջ, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության անկյունաքարային հարցերից պետք է դառնա նաև Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հավաքական վերադարձի հարցը։ Նախքան այդ, հրատապ ուշադրության կարիք ունի նաև Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պահպանության հարցը՝ հատկապես դրանց զանգվածային ոչնչացման դեպքերի համատեքստում: Հատկանշական է, որ նշված դրույթները հստակորեն ամրագրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանում, ինչպես նաև առանձին պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններում։
Հաշվի առնելով վերոգրյալը և գիտակցելով, որ այս թեմաները պետք է լինեն առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում՝ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը և Արցախի բարեկամներին գործուն աջակցություն ցուցաբերել մեկնարկած արշավին։ Խնդրում ենք կիրառել հասանելի բոլոր գործիքները արշավի սահմանված նպատակների իրագործման համար։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել արդարության և ապահովել մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»։