25.11.2024
ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը անհասկանալի է. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի հայտարարությունների վերաբերյալ.


"Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են:


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:


Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:


Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:


Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ":