Հունիսի 12-ը ցույց տվեց, որ կառավարություն չունենք, այլ կան հանցախմբեր. Բագրատ Սրբազան
Հունիսի 12-ը ցույց է տվել, որ մենք կառավարություն չունենք, այլ կան հանցախմբեր։ Այս մասին երեկ Ավանի բնակիչների հետ բակային հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով, մոտ 10 օր է, ինչ ադրբեջանական կողմից բազմաթիվ թեզեր են լցվել դաշտ, բայց հայկական կողմից որևէ բանական պատասխան չի հնչել։
"Սա նշանակում է, որ մեր կյանքն անվտանգային առումով թե՛ ներսից, թե՛ դրսից ապահովագրված չէ",- ասաց նա։
Սրբազանը շեշտեց. "Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, իրենք խոսում են ռումբերի, «Զարյա 3»-ի, աթոռների ու փողերի մասին",- ակնարկելով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի երեկվա հայտարարությունը, թե տարօրինակ չի համարում հունիսի 12-ից հետո «Զարյա 3»-ի կիրառման թույլտվությունը:
Հիշեցնենք, Կառավարության նիստից հետո երեկ նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ուշագրավ հայտարարություն էր արել: Նա տեղեկացրել է, որ դեպքերից 15 օր հետո ՝ հունիսի 27-ին վերանայել է «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» հրամանն ու «Զարյա 3»-ի կիրառումը ներառել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։
Սրբազանի խոսքով, լուրեր ունեն, որ շարժման դեմ քարոզչություն իրականացնելու համար մոտ 50 միլիոն դոլար է ծախսվել։
Խոսելով հետագա անելիքների մասին էր Սրբազան հայրը տեղեկացրել է, որ սեպտեմբերի առաջին շաբաթը մեծ հանդիպում են ունենալու, որի ընթացքում "կխոսենք մեր գործողությունների մասին"։