ՀՀ-ն հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի հարկման վերաբերյալ ԵԱՏՄ փոփոխություններին
Հայաստանի կառավարությունը հուլիսի 25-ին հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը:
Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների՝ անուղղակի հարկերի գանձման կարգի մասով միասնական քաղաքականության մշակումը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի հարկման միասնական մոտեցումների կիրառում:
Այս առումով, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության որոշմամբ կարգավորվում են ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց ապրանքներ իրացնելիս ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները: