Գույքից հրաժարվելու մասին կիրանցեցիներին բաժանված դիմումների ձեւերը հաստատվել են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ միաժամանակ արձանագրելով, որ գերակա շահ ճանաչելու որոշում չի կայացվել։
«Փաստինֆոն» հուլիսի 1-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել՝ Կիրանցում տեղի ունեցող գործընթացների շուրջ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Հարցմանը՝ օրենքով նախատեսված նախատեսված 5-օրյա ժամկետում պատասխան չտրամադրելով՝ նշելով, որ անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Օրենքով դա նախատեսված է լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու համար, եւ 25 օր անց ուղարկված գրությամբ հայտնել են, թե մեր կողմից բարձրացված հարցերը հիմնականում կանոնակարգվում են կառավարության գաղտնի որոշմամբ։ Ավելին՝ պարզվում է գաղտնիք է նաեւ, թե կառավարության այդ գաղտնի որոշումը երբ է կայացվել։
Այսպես՝ առաջին հարցով ՀՀ կառավարությունից ակնկալում էինք տեղեկանալ, թե Կիրանց բնակավայրից որքան հողատարածք է գերակա շահ ճանաչվել, երբ։ Գերակա շահ ճանաչված հատվածից որքանն է հանդիսանում համայնքային սեփականություն, որքանը՝ մասնավոր սեփականություն։ Ի պատասխան՝ կառավարությունից շեշտել են՝ «Կիրանց բնակավայրում գերակա շահ ճանաչելու գործընթաց չի կազմակերպվել»։
Մեկ այլ հարցով խնդրել էին հայտնել, թե Կիրանցի բնակիչներին սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը ինչ ակտով է կանոնակարգվում։ Կան մշակված չափորոշիչներ, որոնց հիմա որոշվելու են սահմանազատման արդյունքում մասնավոր սեփականությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող փոխհատուցման չափը, պայմանները։ Եթե այո, ապա երբ է հաստատվել եւ ում կողմից։
«Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- կարճ հայտնել են կառավարությունից՝ ավելացնելով, որ գաղտնի է նաեւ այն, թե քանի անձի է տրամադրվելու փոխհատուցում։
Մասնավորապես՝ մեր այն հարցին, թե քանի՞ անձի պետք է փոխհատուցում տրամադրվի։ Կիրանցի բնակիչներին բաժանված դիմումի ձեւանմուշները, որոնցով պարտավորվում են փոխհատուցում ստանալու դեպքում գույքային պահանջ չներկայացնել ՀՀ կառավարությանը, երբ է հաստատվել եւ ում կողմից։
«Գործընթացը կարգավորվում է կառավարության որոշմամբ, որը գաղտնի է»,- նշված է գրավոր պատասխանում։
Ավելին՝ կառավարությունում գոյություն չունի նաեւ հաշվարկ, թե Կիրանցում սահմանազատման արդյունքում նոր ենթակառուցվածքների կառուցման համար որքան գումար է ծախսվելու։
«Ներկայում իրականացվում է ճանապարհային նոր ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ գումարների հստկեցման գործընթաց՝ անհրաժեշտ գումարները հատկացնելու վերաբերյալ»։