24.11.2024
Հայ-չինական հարաբերությունների զարգացումը շատ կարեւոր է Չինաստանի համար. դեսպան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կհատկացնի 2,228,871.1 դրամ 8 մարզում ծրագրեր ֆինանսավորելու համար

Գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:


Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության համայնքներին համապատասխան մարզպետի աշխատակազմի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետի աշխատակազմ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։

Ընդ որում՝ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:


Մանրամասնելով՝ Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ գումարը հատկացնել 8 մարզերի 20 համայնքների՝ թվով 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Ծրագրերից մեկը 2021 թվականի է, 7-ը՝ 2022 թվականի և 18-ը՝ 2023 թվականի: Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար առաջարկվում է վճարել 292 մլն դրամ, Արարատի մարզին 5 ծրագրի համար՝ 529 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար՝ 373 մլն, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 57 մլն, Լոռու մարզին 5 ծրագր համար՝ 488 մլն, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 187 մլն, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 246 մլն և Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 54 մլն: «Այս որոշումն ընդունելուց հետո, կառավարությունն արդեն մի շարք որոշումներով 12 մլրդ 306 մլն հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»,-հավելել է ՏԿԵ նախարարը:


Թեմայի համատեքստում վարչապետը թվարկել է մարզերում իրականացվող և արդեն իսկ ավարտված սուբվենցիոն մի շարք ծրագրեր: Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի թիվ 4 «Հասմիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների 68 տոկոսը: Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատում: Ավարտված են աշխատանքները: Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի ջրամատակարարման ցանցի կառուցում: 90 տոկոսն արված է: Արարատ համայնքի Ավշար բնակավայրի գազաֆիկացում: 70 տոկոսն արված է: Արարատ համայնքի Երազ բնակավայրում մարզադպրոցի կառուցում: 80 տոկոսն արված է: Մասիս համայնքի Մասիս, Դաշտավան, Սայաթ-Նովա բնակավայրերի փողոցների նորոգում, ասֆալտապատմամբ: 70 տոկոսն արված է: Արտաշատ համայնքի Դալար, Մրգավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: 80 տոկոսն արված է: Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Սարիթաղի փողոցի սկզբնամասի և Սարի թաղի փողոցի վերջնամասի 905 գծամետր ընդհանուր երկարության ճանապարհի ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգերի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատում, Արաքս բնակավայրում Դրոյի փողոց 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում: Աշխատանքներն ավարտված են: Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան 2-րդ հարկի վերանորոգում: Աշխատանքների 90 տոկոսն արված է: Մեծամոր համայնքի Գետաշեն, Նալբանդյան, Արգավանդ, Ամասիա բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում: Աշխատանքի 95 տոկոսն արված է: Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների և պուրակների կառուցում: Աշխատանքների 90 տոկոսն արված է: Լոռու մարզում Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի կոյուղու հիմնանորոգում: Աշխատանքներն ավարտված են: Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա և Կաճաճկուտ բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում: Աշխատանքներն ավարտված են: Գյուլագարակ համայնքի Կուրթան, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո և Վարդաբլուր բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում: Աշխատանքներն ավարտված են: Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրում նոր ավտոկայանատեղիի կառուցում, Քարաձոր բնակավայրում ժամանցի կենտրոնին կից խոհանոցի կառուցում: Աշխատանքների 85 տոկոսն արված է: Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազիֆիկացում: Աշխատանքներն ավարտական փուլում են: Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի 3305 գծամետր ճանապարհի ասֆալտապատում: Արված են աշխատանքները: Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի մանկապարտեզի նոր մասնաշենքի նոր դահլիճի կառուցման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների 70 տոկոսը: Շիրակի մարզ, Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի ճանապարհների տուֆ քարով սալապատում: Աշխատանքներն ավարտական փուլում են: Գյումրու Մուշ-2 թաղամասի 7-1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի գազիֆիկացում: Աշխատանքներն արված են: Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում և ասֆալտապատում: Կատարված է աշխատանքների 95 տոկոսը»:


Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հետագայում այս ծրագրերի իրականացման վայրեր այցելելիս նկատելի են կրկնվող պրոբլեմներ, որոնցից ամենամեծն այն է, որ շահագործման հանձնելուց հետո, հետագա սպասարկման մասին հոգ չի տարվում: «Օրինակ, խնդիր է լինում, երբ տեսնում ես, որ ոռոգման համակարգ չկա կամ տարածքի հետագա հարդարման և այլնի աշխատանքներ չեն արվում: Մենք այս այցերի ընթացքում ձեռք բերած տեղեկատվության հավաքագրումով սուբվենցիոն ծրագրերում պետք է համապատասխան փոփոխություններ և լրացումներ անենք, զարգացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: