24.11.2024
Կրակոցներ Էրեբունու փողոցում. կա վիրավոր
prev Նախորդ նորություն

Զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում հատուցումը կվճարվի նախկին չափով

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձել են շահառու եւ սահմանվել է հատուցման չափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում հաշմանդամության խմբի ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:


Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Մարտական գործողությունների ընթացքում ստացված վիրավորումից հետագայում մահվան դեպքերի հատուցման ժամկետ էր սահմանված հինգ տարի, որը եւս նախագծով առաջարկվել է հանել:


Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ սա պետության հստակ մոտեցումն ու դիրքորոշումն է իր զինվորի նկատմամբ: Հարցի վերաբերյալ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ: Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե քանի շահառու ունեն:


«Զինապահ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տաթեւիկ Յաղջյանը տեղեկացրել է, որ փոփոխության հետ կապված՝ ներկայում ունեն մոտավորապես 300 շահառու:


ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է առաջարկվող փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունը: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկել է նախագիծը քննարկել անհետաձգելի ռեժիմով:


Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: