25.11.2024
Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը
prev Նախորդ նորություն

Երիտասարդները երկրի ապագան են, սակայն արդեն այսօր նրանք պետք է կարևոր լինեն. Ղուկասյան

Ի՞նչ խնդիրներ են տեսնում շիրակցի երիտասարդները Շիրակի մարզի զարգացման հարցում, ո՞ր ոլորտներն են, որտեղ կա մեծ ներուժ, սակայն այն չի իրացվում և երիտասարդները ստիպված են լքել հայրենի բնակավայրերը՝ այլ տեղերում աշխատանքի, ավելի լավ կյանքի փնտրտուքով: Այս հարցերի պատասխանները արդեն մի քանի ամիս է հենց տեղերում փորձում է ստանալ Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, ով «Զարգացման առաջնորդների ֆորում» ծրագրի շրջանակներում շարունակում է իր մարզային այցելությունները և հանդիպումները տեղի երիտասարդների հետ։

Հերթական հանդիպումը երիտասարդների հետ տեղի ունեցավ նախօրեին Գյումրիում, որի շրջանակում քննարկվեցին մարզի խնդիրները, որոնք խոչընդոտում են զարգացմանը, որոնք չեն ներառում երիտասարդների ներուժը, ինչպես նաև մատնանշվեց երիտասարդության կարևոր դերը մարզային կյանքի փոփոխության և զարգացման հարցում:

Ղուկասյանը տեղեկացրեց, որ մարզային այցելությունների շրջանակում արդեն եղել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզում և ահա հանդիպում են հայրաքաղաքում՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ են տեսնում շիրակցի երիտասարդները իրենց հայրենի մարզում:

Քննարկումների առանցքում ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրներն էին՝ զբաղվածության, ժողովրդագրության, մշակութային կյանքի ակտիվացման: Շիրակի մարզը ավանդաբար ամենաբարձր արտագաղթի տեմպերն ունի և Արման Ղուկասյանի հրավերով՝ երիտասարդները ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու պատկերացումները, թե ինչպես կարելի է արտագաղթի տեմպերը մեղմել, հատկապես, որ հենց երիտասարդներն են հիմնականում ձգտում մեկնել երկրից, քանզի հայրենիքում աշխատանք գտնելը բարդագույն խնդիր է: Եվ, ցավոք, նրանցից քչերն են վերադառնում:

«Մարզային այս այցերի հիմնական նպատակն է հասկանալ, ապա ծրագրեր մշակել, որոնք կօգնեն ակտիվացնել երիտասարդների ներուժը իրենց հայրենի բնակավայրերում, որպեսզի նրանք կարողանան լիարժեք իրացնեն իրենց գիտելիքներն ու կարողությունները, չձգտեն փնտրել այն, ինչ չեն գտնում, օրինակ, Գյումրիում ու Արթիկում, Երևանում կամ արտերկրում: Երիտասարդները երկրի ապագան են, սա ճշմարիտ է, սակայն արդեն այսօր նրանք պետք է կարողանան լինել կարևոր երկրի զարգացման գործում, նրանց ձայնը պետք լինի լսելի իշխանությունների համար»,- ասաց Ղուկասյանը:

Հանդիպման ավարտին նա նշեց, որ այն շատ արդյունավետ էր, քանզի վերհանվեցին թիրախներ, որոնք տեղ կգտնեն առաջիկայում մշակվելիք ծրագրերում ու հայեցակարգերում՝ ուղղված մշակութային, հումանիտար զարգացմանը և այլն։
Նշենք, որ հանդիպումը, որին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ, տեղի է ունեցել «Զարգացման առաջնորդների համաժողով» նախագծի շրջանակներում: