23.11.2024
ՀՀ-Ադրբեջան սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կուլիսային փուլում է
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանի շուրջ օղակը կսեղմվի. Փաշինյանը նրան պաշտոնանկ կանի. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց եւ քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։ Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։ Իսկ Փաշինյանն ինքնուրույններին չի սիրում: Սրանով է պայմանավորված, որ բացահայտվող «հանցագործությունները» նրա շրջապատի հետ են կապվում: Վերջինն Արաբկիրի թաղապետն էր, ում տնային կալանք տվեցին: Առաջիկայում կարող են նոր սկանդալային բացահայտումներ լինել, որոնք հող կնախապատրաստեն անվստահության համար։ Օրենքը քաղաքապետին ընտրվելուց հետո 1 տարվա իմունիտետ է տալիս, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 10-ը նա անձեռնմխելի է։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն, Ավինյանն Արամ Սարգսյանի եւ Վարդան Ղուկասյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն չունի։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ մշտապես գլխավորել է հայկական պատվիրակությունը։ Այս տարվա բացակայության պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, նրա հակառուսական հայտարարություններն են: Ռուսաստանի երբեմնի սիրելի պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, ով ջերմ հարաբերություններ ուներ ռուսական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում: Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ երկուստեք է այդ վերաբերմունքը, ինքն էլ ինչ-որ պահից հակառուս է դարձել եւ իր չսիրած սորոսական շրջանակների հետ ձուլվել։ Բացի դա, գրել էինք, որ ներիշխանական վերադասավորումներ են ընթանում՝ աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց: Դեպի Պուտինի գիրկը նետվող Նիկոլ Փաշինյանին փորձում են հակակշռել Արեւմուտքին փարվող Ալեն Սիմոնյանով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը թե՛ իր մտերիմների շրջապատում, թե՛ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին, քանի որ օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են. ուստի մինչև հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։ Սրբազանը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ ճնշման ներքո իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, այսինքն՝ Բագրատ Սրբազանի օրակարգում արտահերթ ընտրություններն են։ Կարող ենք թերևս արձանագրել, որ աշունը հայաստանյան քաղաքական դաշտում թեժության պակաս չի ունենա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։


Սակայն պարզվում է` ՀԱԷԿ-ը մինչեւ 2036 թվականը գործելու է, քանի որ անցած տարեվերջին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վերազինման, ՀԱԷԿ կյանքը երկարացնելու պայմանագիր են կնքել՝ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված բոլոր աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի եւ սարքավորումների հետ կապված աշխատանքները։ Ավելին, կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ զուգահեռ նոր ատոմակայան կառուցելու բանակցություններ են վարում թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: ՀՀ կառավարությունը ՌԴ-ին համոզում է ավելի ցածր հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, սակայն նրանք տրամադրված են հզոր էներգաբլոկ կառուցել, որ Հայաստանը դառնա նաեւ էներգիա արտահանող պետություն։ ՀԱԷԿ առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն 1 էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական վերազինմամբ շահագործման ժամկետը երկարաձգվեց 10 տարով։ Այժմ եւս 10 տարի կձգվի` մինչեւ 2036 թ.։ Ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին եւ ավարտվեց ոչնչով: Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց եւ պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի կրելու։ Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պատիժը եւս չի կիրառվի, քանի որ դարձյալ՝ մի մասով համաներում կիրառվեց, մյուս մասով՝ վաղեմություն: Սա կոչվում է պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգներ է ստանում առ այն, որ Երեւանի անձնագրային կետերում, որտեղ հերթագրման համակարգ է գործում, ամիսներով տեղեր չկան՝ դիմումներ ընդունելու եւ անձնագրեր փոխելու։ Ստացվում է, որ նոր ներդրված էլեկտրոնային համակարգն իրեն չի արդարացրել։ Երեւանում իրենց հերթին անհույս սպասող հանգստի մեկնողների այլընտրանք դառնում են մարզային անձնագրային կետերը, սակայն այստեղ խնդիրն այլ է. մարզերում չեն գործում էլեկտրոնային հերթագրման համակարգեր։ Բացի սրանից՝ մեծ խնդիր է առաջացրել անձնագրայինների միացման հարցը, օրինակ՝ Չարենցավանի անձնագրայինի միացումը Հրազդան քաղաքի անձնագրայինին։


Դիցուք՝ անձնագրային մի կետում օրական գրանցման քանակը 50-ն է, 50 տեղի լրանալուց հետո՝ քաղաքացիներն այլեւս հերթի մասնակից դառնալու հույս չունեն։ Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «…էջմիածնում է այլանդակություն, Աբովյանում, Հրազդանում, Երեւանի ցանկացած անձնագրային մտեք, այլանդակություն է. ահավոր վիճակ է, սրանք, աչքը սարքելու փոխարեն, ունքն են հանել»: Ստացվում է՝ սա եւս մեկ ոլորտ է, որում բարեփոխումները արդյունք չեն տվել։ «Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը չպատասխանեց։ Ոլորտը քաոսում է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում: Ամեն ինչ մասին՝ ամենասկզբից. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ, հանցավոր համագործակցության կողմից, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:


Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ժամկետով: Այս որոշման հետ Լեւոն Սարգսյանը չհաշտվեց ու որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ ահա, արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Լեւոն Սարգսյանի պաշտպանի բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:


Իրավիճակին խառնվեց ՀՀ գլխավոր դատախազը, ու չհամակերպվելով Վերաքննիչ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման հետ՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, ինչը ընդունվել էր վարույթ: Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 17-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում. մասնավորապես՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը՝ Սուրեն Կորյունի Ղազարյանի մասով, եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, բեկանել։


Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական հետապնդումը, դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:


«3. Լեւոն Հրաչյայի Սարգսյանի մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:


5. Լեւոն Հրաչյայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ»։


Ասել է թե՝ Լեւոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ, սակայն գործով՝ վերաքննիչ դատարանում նոր քննություն է սկսվելու»: