25.11.2024
Էրդողանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի՝ առվակների մասին ակնարկին

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում երեկ հնչեցրած ելույթին, որում արված ակնարկը վերաբերում էր իր՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը:

«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», - Facebook-յան իր էջում գրել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը իր ելույթում ծիծաղելի էր որակել խոսակցություններն այն մասին, թե ՀՀԿ-ում արտահոսք կա.

«Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու», - նշել է նա:

ՀՀԿ-ից արտահոսքի մասին տեղեկությունները մամուլում սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Աբրահմյանի դիմումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ ՀՀԿ շարքերը կարող են լքել այնպիսի «օդիոզ դեմքեր», ինչպիիք են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը եւ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը):