25.11.2024
Իշխող կուսակցության «վերնախավում» փոփոխություններ են եղել
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի «առուն չորացնելու» ակնա՞րկ արեց

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 26-ին անցկացրել է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ հանդես է եկել ելույթով, որտեղ խոսել է առաջիկա խորհրդարական ընտրությունների, Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի եւ քաղաքական դաշտում ընթացող վերադասավորումների մասին:

Սարգսյանն հիմնական խնդիրն է համարել գալիք խորհրդարանական ընտրություններին բարձր մակարդակով նախապատրաստվելն ու ներկայանաը: «Մենք շատ լավ դիրքերից ենք սկսում, պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել, թե մեր առջև կանգնած իրական խնդիրները որքան լավ ենք պատկերացնում, ունենք ամենաիրատեսական և իրական առաջընթաց ապահովող ծրագրերն ու որն ամենից կարևորն է՝ ամենակենսունակ թիմը: Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է, և սա վաղուց է՝ գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունն այդպիսին է: Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականությունն է: Հետևաբար, մեր ծրագրերով հանդես գալուց բացի, առաջին հերթին հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, երբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, ապա «չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ մենք չլինեինք կառուցողական, որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենսգիրք»: «Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլ նաև ընդհանրապես պրակտիկայում: Ուստի, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում», - ասել է նա:

Սարգսյանն անդրադարձել է այս օրերին քաղաքական դաշտում առկա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: «Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք», - ասել է ՀՀԿ նախագահը:

«Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում: Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու», - ասել է նախագահը:

Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա ըստ Սարգսյանի, շատ առողջ և ողջունելի գործընթաց է: «Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու: Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք», - նշել է նա:

Մի քանի խոսքով նախագահն անդրադարձել է այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում: Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու», - ասել է նախագահը:

ՀՀԿ-ից արտահոսքի մասին տեղեկությունները մամուլում սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Աբրահմյանի դիմումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ ՀՀԿ շարքերը կարող են լքել այնպիսի «օդիոզ դեմքեր», ինչպիիք են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը եւ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը):

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ներքին եւ արտաքին տնտեսական քաղաքականության հարցերում ՀՀԿ-ի ծշրագրերին: «Թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում: Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից: Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում: Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ: Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է», - ասել է նա:

Հիեցնենք, որ ՀՀ իշխանություններին նախորդ տարի այդպես էլ չհաջողվեց ոչ միայն պետական բյուջեով խոստացված 2.4 տոկոս, այլև անգամ մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել։ Օրեր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել Է 2016թ. վիճակագրական տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել Է 0.5 տոկոս։ «Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը տարին ամփոփում Է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի. խոսուն ցուցանիշ, որը վկայում է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ձախողումների մասին», - նշում են տնտեսական մեկնաբանները։