Իշխող կուսակցության «վերնախավում» փոփոխություններ են եղել
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստն ընտրել է նոր խորհուրդ, որին անդամակցել է 35 ներկայացուցիչ, ընտրվել են ՀՀԿ նախագահի տեղակալներ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ (այդ պաշտոնը զբաղեցնում էր վերջերս ՀՀԿ շարքերը լքած Հովիկ Աբրահամյանը), տեղակալներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը եւ Արմեն Աշոտյանը: Ավագների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը, ընտրել են նաեւ ստորաբաժանումների ղեկավարներին: Երեւանի կառույցի նախագահ է ընտրվել Տարոն Մարգարյանը:
Շարամազանովի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել խորհրդի նիստում և ներկայացրել կուսակցության քաղաքական առաջնահերթությունները:
«Մենք եւս մեկ անգամ վերահաստատում է, որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է 2017թ-ի ապրիլի ԱԺ ընտրությունների ժողովրդավարական բնույթը: Անելու են ամեն ինչ որպես իշխող քաղաքական ուժ, որ ԱԺ առաջիկա ընտրությունները լինեն Ընտրական օրենսգրքին համապատասխան և համապատասխանեն ժողովրդավարության միջազգային չափանիշերին»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմության գործընկերների հետ հասել են քաղաքական կոնսոլիդացիայի,, ինչը ՀՀԿ-ում որակում են որպես պատմական ձեռքբերում:
Մյուս կողմից իշխանական կուսակցությունը վերահաստատում է, որ հայաստանյան ներքաղաքական օրակարգի հիմնական ձևավորողն ինքն է։ «Ում դուրը գա, ումը չէ՝ փաստը սա է, ՀՀԿ-ն է քաղաքական գործընթացների առաջամարտիկը և մնում է փոփոխությունների ու բարեփոխումների տանող ուժը», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նկատելով որոշ գործընկների ու տարբեր կուսակցությունների դժգոհությունը առաջիկա ընտրությունների օրվա հետ կապված՝ Շարմազանվի խոսքով, ՀՀԿ-ում պատրաստ են քննարկել եւ փոխել ընտրությունների օրը: «Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ երեք, չորս կամ հինգ օրով հետաձգենք ընտրության օրը, որը համընկնում է ապրիլի 2-ի հետ (ապրիլյան պատերազմի օրվա հետ, ինչը հանրության շրջանում առաջացրել է հարցեր - խմբ), ապա ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկելու այս հարցը»,-ասաց նա:
Շարմազանովը շարունակեց և նշեց, որ իրենք ողջունում են տարբեր դաշինքների ձևավորումը և պատրաստ են մրցակցել: «Հաջորդը՝ Ծառուկյանի մասով. որ ասում են ՀՀԿ-ի պրոյեկտն է, նման բան չկա և չի կարող լինել»,-ասաց նա, ապա խոսեց ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին: «Հաջորդը ՀՀԿ-ից սպասվող արտահոսքի մասին անհեթեթությունն է, ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է և կարող են 3-4 հոգի էլ դուրս գալ, բայց վերջին երկու ամսվա ընթացում ՀՀԿ-ին անդամագրվել է 11 հազար քաղաքացի, և ոչ թե 7 000»,- ասաց նա: