VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձում են քաղաքական դաշտը կանխատեսելի դարձնել եւ թույլ չտալ, որ հաջորդ ընտրություններին նոր խաղացողներ հայտնվեն ու իշխանությանն իրական վտանգ ներկայացնեն։ Մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգված է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել նոր կուսակցությունների գրանցումը: Թերեւս սա է պատճառը, որ նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում: Դիցուք, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կամ` Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունները: Եղած կուսակցություններն էլ իշխանականներն առնում են հիմնադիրներից` ուղղակի գրացման թղթերը գնում են հիմնադիրներից, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն։ Օրինակ, Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն են գնել: Թե ով է գնորդը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն ասում են՝ 4 հազար դոլար են վճարել, Տիգրան Կարապետիչի Ժողովրդական կուսակցությունը եւ այլն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ գերիների մասին հրապարակումներ համացանցում կգտնեք միայն 2024 թվականի տարեսկզբին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ գերիների մասին հիշատակել է ՀՀ Ազգային ժողովի իր մի քանի հայտարարություններում, զրույցներում։ Մարտի 12-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի՝ գերիների մասին հարցին ի պատասխան, նշեց, որ ունեցել է զրույցներ հենց այդ օրը՝ առավոտյան, բայց ում հետ եւ կոնկրետ ինչի մասին այդպես էլ չասաց։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գերիների մասին հիշատակումներ արել է 2023 թվականի տարեկան ամփոփիչ զեկույցի ընթացքում։ «Ժողովուրդ» օրաթերթը, խախտելով պատասխանատուների լռությունը, փորձեց ստանալ կոնկրետ հարցերի պատասխաններ։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանին հստակ հարցրել ենք. «Պարոն Միրզոյան, թե՛ Դուք, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հրապարակային նշել եք (https://news.am/arm/news/811881.html), որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Չնայած սրան, որեւէ աշխատանք տեսանելի չէ. վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ որեւէ հիշատակում նույիսկ չկա, անգամ՝ պաշտոնական հաղորդագրություններում:
-Արդյոք հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար:
-Արդյոք անհրաժեշտություն չկա՞ հրապարակային որոշ քայլերի եւ միջոցների, որպեսզի միջազգային գործընկերները, կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հիմնվելով պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարության վրա, իրենց ձայնը միացնեն եւ խնդրին ավելի լայն հնչեղություն տան:
-Արդյոք գերիների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի համատեքստում»:
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ սահմանված ժամկետում ձեւակերպված ծավալուն հարցերի համար ստացանք հետեւյալ ընդհանրական պատասխանը։
«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում», – ասված է գրության մեջ։ Ոչ մի կոնկրետություն:
Առաջնահերթություն համարվող այս հարցի լուծման գործում իշխանությունները պարապուրդի են մատնված։ Հստակ ոչ մի քայլ չարած իշխանությունները՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հունիտի 12-ի Ազգային ժողովի նիստում ակնարկեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում պահվելը պահանջ է՝ «պետք է փտեն բանտերում»։ Օրհասական այս հարցը իշխանության օրակարգի, կարծես, վերջին տեղում է, որ որեւէ լուծում եւ հստակ քայլ չեն անում։»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ հեղինակավոր անձանց կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբել յան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։ Ի դեպ, նշվում է, որ հատկապես հիշատակվել է նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա փորձել է մեղմել հումանիտար ծանր կարիքները, ինչպես նաև կենսական պայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների համար։ Այս տեղեկությունն, ինչպես երևում է, հանգիստ չի տալիս Ադրբեջանին, որը տևական ժամանակ ապօրինաբար գերեվարված է պահում թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների:
Ըստ այդմ, ադրբեջանցիները փորձում են աշխարհի աչքերում վարկաբեկել Վարդանյանին, ի մասնավորի, նրան ներ կ ա յաց նել «ռու ս ա կ ա ն ագենտ»: Սա իրականացվում է տարբեր տեղեկատվական հարթակների միջոցով՝ այն հույսով, որ նման «մեղադրանքը» Արևմուտքում արձագանք կգտնի, և Վարդանյանը չի ստանա Նոբել յան մրցանակ: Զուգահեռ Ադրբեջանը փորձում է ազդել Նոբել յան հանձնաժողով երաշխավորություն ներկայացրած Եվրախորհրդարանի պատգամավորների վրա՝ կոչ անելով նրանց Վարդանյանի անունը հանել թեկնածուների ցուցակից: Սակայն արդեն իսկ, մեր տեղեկություններով, երկու պատգամավոր հրաժարվել է նման կոչերը նույնիսկ քննարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրումն ու բիրտ ուժ կիրառելը խրախուսելու համար, ամեն առիթի պարգեւատրում ու շնորհակալագրեր է հանձնում բռնարարներին: Նախ հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ընթացքում հատուկ միջոցներ կիրառելուց անմիջապես հետո, ոստիկանները ՀՀ պետբյուջերի միջոցներից դրամական պարգեւ ստացան, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։ Հետ գնացինք լրահոսով՝ պարզելու, թե այս օրերին ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն ինչով են աչքի ընկել: Պարզեցինք, որ նրանք, օրինակ, ԱԺ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների համար սահմանված օթյակից նրանց ապօրինաբար դուրս հանելով են զբաղված եղել, ինչպես նաեւ խոչընդոտել են ընդդիմադիր պատգամավորների մուտքը իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով, դարձյալ հունիսի 12-ին։ Ահա, թե ինչի համար է Ալեն Սիմոնյանը որոշել խրախուսել ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի մյուս անգամ ավելի մեծ ոգեւորությամբ նրանք պաշտպանեն ՔՊ-ական, ինչպես ասվում է, «դավաճան» իշխանություններին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեպետ ընդամենը ապրիլի վերջին էր խորհրդարանից պատվիրակություն գործուղվել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, սակայն օրերս մի խումբ ՔՊ-ականներ կրկին աշխատանքային քառօրյա այցով մեկնել են Բեռլին։ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկանում ենք, որ հունիսի 24-28-ը Բեռլին են գործուղվել Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդամներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը, ինչպես նաեւ՝ աշխատակազմից մեկ անձ։ Թե ինչ աշխատանքային այց է, խորհրդարանի ղեկավարի ստորագրած կարգադրության մեջ չի նշվում։ Ինչպես հայտնի է՝ այս օրերին Գերմանիայում ընթանում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը, եւ կասկած չկա, որ իշխանականների՝ Գերմանիայի նկատմամբ հանկարծահաս հետաքրքրությունն էլ ֆուտբոլով է պայմանավորված: Ինչպես մեկ շաբաթ առաջ աշխատանքային այցով Գերմանիա մեկնած կրթության նախարարի եւ ԱԺ համանուն հանձնաժողովի ղեկավար Սիսակ Գաբրիելյանի հետաքրքրությունը, որոնք գեղեցիկ լուսանկարներ էին հրապարակել մարզադաշտից՝ ֆուտբոլ դիտելիս։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից շատ դատախազներ խիստ սրտնեղած են դուրս եկել։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի էր ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, շատ դատախազներ եւ այլք: Արդյունքում՝ դատախազներից ոմանք արժանացել են շնորհակալագրերի, իսկ ՀՀ մյուս դատախազներին էլ հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, տրվել են շնորհակալագրեր, պարգեւատրել են հուշանվեր-ժամացույցներով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, երկու դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան: Արդյունքում՝ դատախազների զգալի մասը նեղսրտել է, թե ՀՀ անկախության օրը ՀՀ նախագահի հրամանով՝ քննչական կոմիտեի վարչության պետեր հայրենիքին մատուցած ծառայության համար պետական պարգեւի էին արժանացել, իսկ ահա մի դատախազի անգամ նախագահի հրամանով որեւէ նման պարգեւի չեն արժանացրել, ինչը, ըստ դատախազների ներքին խոսակցության, մտածելու տեղիք է տալիս»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված: Եվ ահա, ՆԳՆ-ում որոշել են նոր անակնկալ մատուցել մեր քաղաքացիներին:
Մեր տեղեկություններով, նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է: Պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, թե իբր նույնականացման քարտերի պահանջարկը նվազել է, և առցանց հերթագրումը դառնում է ավելորդ: Մենք փորձեցինք ուսումնասիրել, թե այս «բարեփոխումից» հետո ինչ վիճակ է Երևանի անձնագրային բաժիններում: 4-5 բաժնում մեր շրջայցը ցույց տվեց, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանել: Դե, ինչպես միշտ: Նշենք, որ բաժիններում համոզվեցինք, որ իսկապես նույնականացման քարտերի հերթագրումը վերացել է, մարդիկ ուղղակի տեղում հերթ են կանգնում և դիմում: Թե ինչ խայտառակ հերթեր էին գոյացել, բառերով ուղղակի նկարագրելու չէ: Ինչ վերաբերում է քաղաքացիների արձագանքին, որոնք դժգոհում էին ժամերով հերթ կանգնելուց, թերթային չէ: Ի դեպ, մի առանձնահատուկ թեմա էլ Անձնագրային և վիզաների վարչությունում և նաև բաժիններում անձնագրերն ու նույնականացման քարտերը բաժինների պետերից ստանալու հերթերն են: Մի խոսքով, «հին-բարի հերթերը» նորից վերադարձել են այս ոլորտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որեւէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով:
Հենց նույն դահլիճում րոպեներ հետո Թագուհի Թովմասյանը պահանջեց Լենա Նազարյանից, որ ներողություն խնդրի, սակայն Նազարյանը հրաժարվեց կատարել պահանջը՝ ավելի բարդացնելով իրավիճակը: Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան: Դատարանում Լենա Նազարյանը իր փաստաբանի միջոցով փորձեց ապացուցել անհնարինը, թե «իդիոտկա» բառը վրավորանք չէ, նշանակում է «առաջնորդ», եւ Նազարյանը չի ցանկացել վիրավորել. ինչպես նաեւ մեծ փոխհատուցում վճարելուց խուսափելու համար՝ Նազարյանի փաստաբանը դատավորներին ներկայացնում էր Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը, թե վարկեր ունի, չի կարող մեծ տուգանքներ վճարել:
Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում եւ հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաեւ պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավրելու համար: Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել եւ, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին»: