26.11.2024
Նախարարները քննարկել են ՀՀ-Կիպրոս պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար Բերսեին և հրավիրել Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, շնորհավորական ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթում մեծ ջանքեր և պատասխանատվություն պահանջող Ձեր լիազորությունների իրականացման ընթացքում։


Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին շարունակվող աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերներով: Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ լուրջ փորձության են ենթարկվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը՝ համընդհանուր արժեքների երաշխավորման ուժով նպաստելու և տևական դարձնելու խաղաղությունը։


Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում Ձեր ջանքերն ուղղված կլինեն մեր հիմնարար արժեքների ու սկզբունքների գերակայության երաշխավորմանը և ԵԽ ողջ աշխարհագրական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ի շահ կոնվենցիոն համակարգի արդյունավետ գործունեության և ԵԽ դերի բարձրացման:


Ցանկանում եմ հաստատել, որ այդ պատասխանատու առաքելությունում Դուք կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիարժեք աջակցությանը։


Վերստին շնորհավորանքներ հղելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ուրախ կլինեմ առաջին իսկ պատեհ առիթով Ձեզ հանդիպել, ինչպես նաև հյուրընկալել Ձեզ Հայաստանում»: