26.11.2024
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են անվտանգության հարցեր

Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Էստոնիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտի Ռայդման։


Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:


«Մեր երկու երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունները հիմնված են պատմական կապերի, բարեկամության, հիմնարար սկզբունքների արժևորման վրա, և ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, այդ կապերի առավել խորացումն առավել, քան կարևոր է»,- ընդգծել է ԱԳ նախարարը։


Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան ընդլայնվող հարաբերությունների վկայությունն են, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության մասով։ Այս համատեքստում կարևորվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:


Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, արձանագրված հաջողությունները՝ շնորհակալություն հայտնելով նաև Էստոնիայի կողմից այդ ճանապարհին ցուցաբերված աջակցության համար։


«ՀՀ քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և կառավարությունը հաստատակամ է շարունակել բարեփոխումները, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։


ՀՀ ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի և հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի, ակնկալիքների շուրջ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ հանգամանալից անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը։