25.11.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Կտրամադրվի աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար

Հայաստանի կառավարությունը հունիսի 27-ի նիստում հաստատել է Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված։


Ըստ հիմնավորման՝ 2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման ծավալները սկսել են նվազել և 2020-2022 թթ ընթացքում արտահանումը կազմել է 17.1 մլն լիտր։


2023 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արտահանման ծավալները զգալիորեն ավելացել են և օպերատիվ տվյալներով 2023 թ. արտահանման ծավալը կազմել է շուրջ 11.4 մլն լիտր։ 2020-2023 թթ կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվում են շուրջ 50 մլն բացարձակ լիտր։


"Սկսած 2020 թվականից ցուցաբերվող աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել աջակցելու շուրջ 60 հազար խաղողագործների կողմից 2020-2023 թթ. արտադրված խաղողի բերքի իրացումը և խաղողագործները կարողացել են ապահովել խաղողի այգետարածքների հետագա մշակությունը։ Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2024 թ. խաղողի մթերումների գործընթացը", - ասված է հիմնավորման մեջ։


Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում կունենանք շուրջ 80 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ, որը կազմում է 2023 թ. մթերված խաղողի շուրջ 50 տոկոսը։