Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար կհատկացվի 600 մլն դրամ
2020 թ. ընդունված Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թթ. ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր այն շարունակել: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, 2024 թ. մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թ.՝ այն դարձնելով ավելի թիրախային:
«Ծրագրի շրջանակում 2024 թ.-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ: Իսկ, ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար»,- ասել է նախարարը:
Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ ներկայումս հաստատվել և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, պետք է վճարվի 260 մլն դրամ, ևս 300 շահառուի հայտ մշակման փուլում. «Այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 մլն դրամ գումար՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար»:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրի իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը և մտահոգություն հայտնել, որ ոչ բոլոր պոտենցիալ շահառուներն են տեղյակ ծրագրի մասին: Նախարարը վստահեցրել է, որ իրազեկման աշխատանքներն առկա բոլոր միջոցներով շարունակվում են: Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նաև վիճակագրությունը, ըստ որի՝ տարեցտարի հայտերը ավելանում են. «Օրինակ՝ եթե 2021-2022-ին մի քանի հարյուր հայտ կար, ապա 2023-ին՝ 9 000-ից ավելի, իսկ այժմ 10 000 հաստատված հայտ կա»: