24.11.2024
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Զախարովան մեկնաբանել է Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու հարցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան VERELQ-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտում խոշտանգումների հարցը, ինչպես նաև այն հարցը, թե արդյո՞ք Մոսկվան բարձրացնում է հայ գերիների, մասնավորապես՝ Վարդանյանի և Արցախի նախկին քաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը Բաքվի հետ բանակցություններում:


«Ես ուզում եմ, անկեղծ, հարցին պատասխանել հարցով. գուցե դուք գիտեք՝ ես չեմ տեսել, թե արդյոք այս հարցը, ինչպես Դուք ասացիք, Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի բանտում գտնվելու մասին հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվո՞ւմ է: Հիմա, եթե դուք ինձ տրամադրեք այս տեղեկատվությունը, ինձ համար նույնպես հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ դրա մասին:


Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Եվ դա արել է բացահայտ, սա ինչ-որ գաղտնի, չստուգված տեղեկություն չէ, հետեւաբար, ինձ թվում է, որ նման հարց պետք է ուղղել Բաքվին ու Երեւանին։


Ես հասկանում եմ, թե ինչի հետ է կապված ձեր հարցը, դուք, այսպես ասած, մասամբ կապված եք տարածաշրջանային իրավիճակի հետ։ Հիշեցնեմ նաև, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման օգտին՝ 2020-2022 թվականների ընթացքում ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Այս գործընթացը ներառում է, ի թիվս այլի, հումանիտար հարցերի լուծում, ինչպիսիք են կողմերի կողմից պահվող բոլոր անձանց վերադարձը և փոխանակումը, պատշաճ վերաբերմունքը մշակութային և պատմական ժառանգության օբյեկտների, հուշարձանների նկատմամբ, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում մասնագիտացված կառույցների և հասարակական կազմակերպությունների միջոցով։ Ուստի, մենք պարբերաբար համապատասխան ազդանշաններ ենք փոխանցում երկու կողմերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։