Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին
Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։
Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն:
Կազատականացվի մուտքն իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ Համաձայնագրի շրջանակում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ: Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարարումն Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։
Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոն և ներդրումային համագործակցությունը: