23.11.2024
Հասարակությունը մերժում է Փաշինյանին, սակայն ո՞ր ճանապարհով է նա հեռացվելու
prev Նախորդ նորություն

Իշխանությունները մանթրաժ են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի օրվա հանրահավաքից իշխանականները, մեղմ ասած, մանթրաժի մեջ են հայտնվել, քանի որ նախորդ օրերին ինտենսիվ ռեժիմով ազդարարել են, թե շարժումը մարել է եւ այնքան էին ասել, որ իրենք էլ էին դրան հավատացել եւ հանրահավաքի առավոտյան, Լոռվա մարզի աղետն էլ, հույս են ունեցել, որ ամբողջությամբ կխափանի հանրահավաքը եւ անակնկալի են եկել՝ տեսնելով այդքան մարդու։ ՔՊ մեր աղբյուրը անկեղծացավ, որ չէին սպասում, թե կրկին բազմահազարանոց հանրահավաք կլինի։ Ի դեպ, մինչ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ, իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էլ 23 հազար 100 մարդ է հաշվել։ ՔՊ-ական պատգամավորները ներքին զրույցներում մտահոգություն էին հայտնում, որ պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ այն կարող է պայթյունավտանգ դառնալ՝ վարչախմբի համար բացասական հանգրվանի հանգեցնելով։ Այդ անհանգստություններով է պայմանավորված, որ ոստիկանական զորքերը երեկ աննկարագրելի ագրեսիվ ու լկտի էին պահում իրենց` ձերբազատվելով նախորդ օրվա վախվորած կեցվածքից։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Փաշինյանը չի գիշերել Պռոշյանի առանձնատանը եւ Լոռու մարզից ոչ թե Երեւան է վերադարձել, այլ Սեւանի ամառանոց։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 9-ին՝ առաջին հանրահավաքի ընթացքում, Բագրատ Սրբազանը շտապեց հայտարարել, որ եթե Փաշինյանը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնելու համար խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն ընդդիմադիր խմբակցությունները եւ այդ նպատակով հենց հանրահավաքի ժամանակ խորհրդակցեց խորհրդարանական ուժերի որոշ պատգամավորների հետ: Իսկ արդեն հաջորդ հանրահավաքին տեղեկացրեց, թե «անկախ» Իշխան Զաքարյանի հետ է երկու անգամ հանդիպել եւ ունի խոստում, որ նա կմիանա գործընթացին եւ կապահովի նախաձեռնությունը ներկայացնելու համար պակասող 1 քվեն։


Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել եւ սրբազանն այդ մասին անուղղակի տեքստով ակնարկել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին օրերի զրույցներում։ Շարժման առաջնորդի հաշվարկով նպատակահարմար չէ գործընթացն այս փուլում մտցնել խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ անվստահության նախաձեռնությունը տապալվի: Նա կարող է անգամ սեփական ուսապարկերի ֆիզիկական ներկայությունը վերահսկել, արգելել նրանց ներկայանալ նիստին, գործեր հարուցել նրանց նկատմամբ, կոմպրոմատներով վախեցնել եւ ձախողել գործընթացը՝ ստանալով վեց ամսվա իմունիտետ, քանի որ օրենքի համաձայն իմպիչմենթի գործընթացից հետո վեց ամիս արգելվում է նման նախաձեռնությամբ նորից հանդես գալը: Իսկ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ` անվտահությունը հաջողելու համար 54 պատգամավորի քվե է պետք։


Այնպես որ եզրակացրել են, որ դեռեւս վաղ է պայքարը տեղափոխել խորհրդարան, ուստի եւ որոշ ժամանակով անվստահության նախագիծ ներկայացնելը եւ սահմանադրական փոփոխությունները կհետաձգվեն: Իսկ սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերելու են երկքաղաքացիության դրույթին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կիրակի օրվա հանրահավաքին միայն հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, անվստահություն հայտնելու գործընթացի եւ մնացյալի մասին ոչինչ չասվեց։ Այսինքն, Սրբազանը փորձելու է փողոցում շարժումը հասցնել պիկին, հասնել Փաշինյանի հրաժարականին, նոր մտնել խորհրդարան։ Ի դեպ, շարժման առաջնորդի այս քայլերը փշրում է իշխանական պրոպագանդայի այն կեղծիքներն ու մանիպուլացիան, թե հակաիշխանական շարժման ստվերային ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը՝ նախկինների միջոցով։ Սրբազանն իր քայլերով բազմիցս ապացուցել է, որ բացառապես միայնակ է գործում՝ առանց արտաքին հովանավորների եւ ներքաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների։ Լուրեր կան, որ անգամ Վեհափառը շատ բան իմանում է հանրահավաքներին հետեւելով:


Ճիշտ հակառակը, եթե 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում հավարմագրված եվրոպական պետությունների դեսպանները 24/7 ռեժիմով վայնասուն էին բարձրացնում ոստիկանական գործողությունների առիթով, չնայած դրանք ոչ մի համեմատություն չունեն այսօրվա գործողությունների հետ, իսկ այսօր լռում են նրանց վայրագությունների վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը, որը 2018-ին իր ազդեցության տակ գտնվող բոլոր գործիչներին ու գործարարներին` իրենց կոլեկտիվներով, ոտքի էր հանել եւ ուղարկել Ֆրանսիայի հրապարակ, իսկ այսօր այդ բոլոր մարդիկ խոր ընդհատակ են անցել, ձայները չի լսվում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծանր և պատասխանատու փուլերից մեկը։ Արցախի շրջափակումից հետո՝ այս օրերին շրջափակվածը Հայաստանն է։ Երեկ տարբեր հայտարարությունների համաձայն՝ այժմ Հայաստանի գլխավոր մուտքերն ու ելքերը փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։ Շաբաթներ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակել էր Տավուշ-Վրաստան սահմանը՝ ի նշան սահմանագծման և սահմանազատման դեմ բողոքի, հետո արդեն ոստիկաններն են փակել ճանապարհի նույն հատվածը: Այսինքն՝ խոչընդոտներ կան մարդկային, տվյալ դեպքում՝ իշխանական գործոնով պայմանավորված:


Երեկ՝ օրվա ընթացքում, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Հայաստանի հյուսիսից դեպի Վրաստան մուտքերը բնական աղետի՝ սելավի և գետերի վարարման պատճառով արգելափակված են։ Այսօր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտարարեց նաև, որ փակ է Իրան-Հայաստան սահմանը։ Այսինքն՝ Հայաստանը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Իսկ իշխանությունները օպերատիվ խմբեր են ստեղծում աղետի չափերը գնահատելու համար․ թե երբ պետք է գնահատվեն նաև փակ սահմանների հետևանքներով ՀՀ տնտեսությանը պատճառած վնասները, պարզ չէ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը օրվա վերջում հերքեց բոլոր լուրերը Իրան-Հայաստան փակ սահմանների մասին, բայց անհասկանալի է՝ արդյոք չե՞ն գիտակցում նրանք, թե իրենց գոյությամբ ինչ վնաս են հասցնում ՀՀ զարգացմանը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ եւ մեր ժամանակների ամենամութ պաշտոնյաներից է, պարզվում է՝ իշխանությունները լուրջ փորձությունների են ենթարկել։ Դեռեւս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի,  հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Այո, մի զարմացեք` մեր երկրում ոչ միայն ընդդիմությանն են լսում, այլեւ իշխանության մեջ գտնվողներին: Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվվել, անմիջապես դիմել է Հատուկ ծառայություններին՝ ճշտելու. արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարում է, որ այդ պարագայում մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաեւ միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել:


Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ «սպառնալիքից» հետո Ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ է այդ ծրագիրը տեղադրվելու իր հեռախոսում, ոստի հայցում են իր ներողամտությունը: Սակայն իրավապահ համակարգում խոսում են, որ այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել էին նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել եւ դրանք պահվում են որպես կոմպրոմատ, խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ին շարունակում է մնալ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՌՀ-ն արձանագրել է նոր խախտումներ:  Մասնավորապես՝ ապրիլի 19-ին եւ ապրիլի 20-ին հեռարձակված Համո Սահյանին նվիրված հաղորդումը պարունակել է ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է Ձեր առողջությունը» գրառմամբ։ Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 24-ին ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությանը տուգանել են 100.000 դրամով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբեր ամսին հոդված էր հրապարակել՝ «Անահատական բնակելի տուն, հողամաս, 2 բնակարան և այլն. ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը» վերտառությամբ։ Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել: Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 մլն 197 հազար դրամ։


Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից․ ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա իրականացված տվյալների ստուգման շրջանակում՝ 2024 թվականին Դավիթ Դանիելյանից պահանջել է ներկայացնել պարզաբանում՝ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ։ Ստացված պարզաբանումների և դրանց կից ներկայացված նյութերի համադրման արդյունքում պարզ է դարձել, որ 31/12/2022 թվականի դրությամբ Դավիթ Դանիելյանին են պատկանել 3 անշարժ գույք, իսկ մեկ անշարժ գույքի մասով առկա է եղել կառուցվող շենքից գույք գնելու իրավունք։


ԿԿՀ-ի կողմից անդրադարձ է կատարվել նաև Արտակ Խաչատրյանից ստացված եկամուտին, որը ձևավորվել է Դավիթ Դանիելյանի նկարած նկարների վաճառքից։ Պարզաբանման վերջնական գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովը որոշել է ավարտել ստուգումը, քանի որ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության և օրինականության վերաբերյալ կասկածներ չեն եղել, իսկ ենթադրյալ իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են։ Այս անգամ էլ իշխանության «սրտի» ԿԿ հանձնաժողովը ստեղծագործ պատգամավորի նկարների վաճառքը համարեց օրինաչափ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 2023 թվականին հրապարակել էր հոդված՝ «4,5 մլն դրամ, 21 հազար դոլար կանխիկ գումար, ևս 4,5 մլն դրամ՝ բանկային հաշիվներին. միայն «աշխատավարձով ապրող» Արմեն Ղուլարյանի ունեցվածքն ու հարուստ կարիերան» վերնագրով։ Մասնավորապես գրել էինք. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 27-ին։ Ղուլարյանը մինչ քաղաքաշինության կոմիտեի նախագահ դառնալը հարուստ եւ յուղալի պաշտոններով է անցել։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականից՝ որպես Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմ։ Ծնունդով Իջեւան քաղաքից, մասնագիտությամբ ճարտարապետ Ղուլարյանը եղել է նաեւ Իջեւանի գլխավոր ճարտարապետը, ապա նույն քաղաքի քաղաքապետը, հետո՝ Տավուշի մարզպետը։


2014 թվականից եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2018 թվականից եղել է նախարարի առաջին տեղակալ, ապա կոմիտեի նախագահ։ Նման հարուստ կարիերա ունեցող Ղուլամյանը 2022 թվականի՝ եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն, որը 2013 թվականին ժառանգություն է ստացել։ Բազմաբնակարան շենքի մեկ բնակարան էլ, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, հայտարարագրել է՝ որպես այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, սակայն իր կողմից շահագործվող գույք։ Կոմիտեի նախագահը 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց:


Ղուլարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել․ ինչը զարմանալի է։ Ղուլարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 492 հազար դրամ եւ 19 հազար 930 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ եւ 21 հազար ԱՄՆ դոլար։ Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում կանխիկ դրամ՝ 21 հազար դոլար․ հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է, քանի որ կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չկա, իսկ եկամուտը միայն աշխատանքի վարձատրությունն է։ Ղուլարյանն իր նախկին հայտարարագրերում որպես եկամտի աղբյուր նշում էր կենսաթոշակը՝ 52 հազար դրամ, իսկ վերջին հայտարարագրում կենսաթոշակի մասին ոչինչ չկա։


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Արմեն Ղուլարյանի և նրա ընտանիքի անդամների՝ 2021 և 2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքները քննարկվել են Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում հայցել Արմեն Ղուլարյանից և նրա ընտանիքի անդամից։ Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը, ով երկար տարիներ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար էր և այդ ոլորտի փորձառու, գիտակ, աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի՝ մարզային դպրոցներ այցից հետո, երբ կախիչները պոկեց պատից, իսկ Ղուլարյանը կռացավ ու հավաքեց պոկված կախիչները»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Կառավարության սույն որոշման մեջ ընդգրկված էր նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2630.2 քմ մակերեսով ուսանողական հանրակացարանի (Երևան, Արաբկիր 37, 1/1) մասին: Ըստ հաշվետվության արդեն մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել հանրակացարանն օտարելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Սակայն զարմանալիորեն ագրարային համալսարանը թե պաշտոնական կայքի, և թե բանավոր զրույցների միջոցով պոտենցիալ ուսանողներին մոտիվացնում է ուսանողական հանրակացարանով, այն դեպքում, որ այն մոտ ապագայում օտարվելու է:


Ստացվում, որ համալսարանի ղեկավարությունը, որը դժվար թե տեղյակ չլինի հանրակացարանի օտարման մասին, մի քանի ուսանող ավել ընդունելու նպատակով խոստանում է նրանց ապահովել կեցավայրով, ինչն անհնարին է լինելու: Նման հնարք համալսարանի ղեկավարությունը կիրառեց նաև անցած տարի՝ ընդունելությունից առաջ դիմորդներին խոստանալով 70 հազար դրամ կրթաթոշակ, սակայն ոչ մի ուսանող այդպես էլ 70 000 դրամ կրթաթոշակ չստացավ: