Ջրհեղեղի հետևանքնով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գազալացակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
“Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։
Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանոմներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել/սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։
Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։
ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ – 2 դեպքում իրականացրել են քարշակում։
Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են”, - ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։