ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնել են ՀՀ պետական սահմանի սահմանազատված հատվածների պահպանությունը. Բերքաբեր - 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս - 4,9 կմ, իսկ Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով: Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր ուղերձը մայիսի 24-ի երեկոյան:
Վարչապետի ուղերձը, որի մասին հայտնել էր վերջինիս մամուլի խոսնակը ժամեր առաջ, ամբողջությմբ նվիրված էր Ադրբեջանի հետ սահմնազատման գործընթացին և դրա շուրջ քննարկումներին:
«Հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետևյալն է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել ՀՀ հարատև ու բարեհաջող ապագան, - հարցադրում կատարեց վարչապետն ու ինքն էլ պատասխանեց։ - Այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել խաղաղության օրակարգին և իրական Հայաստանի տեսլականին, որոնք կապված են մեկը մյուսի հետ»։
Այն քննարկումները, որ տեղի են ունենում Հայաստանում, վարչապետի խոսքով, իր համար անակնկալ չեն։ «Այսօր մեր երկիրը կատարյալ չէ նաև այն պատճառով, որ ավետյաց երկրի փնտրտուքը թույլ չի տալիս ձևակերպել այն հարցի պատասխանը, թե ո՞ր տարածքում, ի՞նչ դիրքով, ի՞նչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել։ Սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է սյուն առ սյուն», - ասաց Փաշինյանը։
«Ի հեճուկս տարբեր գնահատականների՝ մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք եւ պետություն հասկացությունները, որովհետեւ դա է ՀՀ-ն կայացնելու եւ հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսլու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան», - նշել է նա:
Ըստ այդմ նրա խոսքով, ինքն ու իր թիմը սեղանին դրել են մի բանաձև, որը պետք է երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29,743 կմ² միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը։ «Սա մի բանաձև է, որ տանում է իրական անկախություն ու ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը։