VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել: Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձեւավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն: Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին: Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տեւելու է ընդամենը մեկ տարի, եւ նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով եւ ընտրություններ կազմակերպելով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի եւ արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Արցախցիները շատ զգացված են՝ Հայաստան գաղթելուց հետո առաջին դեպքն է, որ նման վերաբերմունքի են արժանանում: Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելն իր տեսադաշտում է, որ տեղյակ է Արցախի հանձնախմբի եւ Վարդան Օսկանյանի գործունեությունից, ողջունում է, եւ շեշտել է, որ դա պետք է արվի պետական մակարդակով: Արցախի ԱԺ պատգամավորներն են խոսել, ողջունել շարժումը: ԱԺ փոխնախագահ Բաղունցն է հանդիսավորությամբ շնորհավորել սրբազանի ծնունդը: Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում անհանգստություններն այլեւս անցել են, ՔՊ-ում վստահ են՝ այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում: Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլեւս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին: Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլեւս անցել է. մարդիկ էլ չեն հավաքվի: Հենց սրանով պայմանավորված էլ՝ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին:»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, սակայն վերջինս չի ներկայացել քննչական կոմիտե՝ նշելով, որ ծանրաբեռնված է ու չի կարող ներկայանալ։ Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին բռնության ենթարկելու դեպքով։ Տեղեկացնենք, որ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Արթուր Խաչատրյանը եւ հայտնել. «Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով եւ սադրելով լարված իրավիճակը՝ իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից եւ ոստիկանական մեքենայով, չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր եւ չէր ներկայացել։
Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու եւ բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։ Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, «ոստիկանապետության» ամենացցուն դրսեւորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս՝ խախտելու երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել էր պատգամավորը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) հերթական ձախողված պրոյեկտ «Ֆլայ Արնա»-ին, որի 49 տոկոս բաժնետերը «Էյր Արաբիա»-ն է։ Ըստ իշխանական մամուլի՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը բյուջեից՝ ԱՆԻՖ-ի խողովակներով ուղղվել էին միլիարդավոր դրամներ (օրինակ՝ 28.12.2023թ. ԱՆԻՖ-ին տրամադրած 1.8 միլիարդի մի մասը եւ այլ նման երեւույթներ), ինչի արդյունքում ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը։ Բայց, քանի որ ցանկացած տնտեսական ձախողման դեպքում լինում են պարտատերեր, ապա «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց. նրա հետ «բոլոր հարցերը» (լուսանկարի ցուցանակ-գրությունը «Ֆլայ Արնա»-ի գրասենյանի դռանն է փակցված) հասցեագրվել են Պորտուգալիայի հյուպատոսին, որին պատկանում է «Սիդոն թրավելը»։ Հ.Գ. Նույնիսկ «չարագործ» Սաշիկի մտքով նախկինում չէր անցնի որեւէ պարտք перевод անել դիվանագետների վրա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2023 թվականի տարեսկզբին մամուլը գրել էր՝ «Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը»։ Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դ. Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարագրում նշել այդ բաժնեմասը։
Այս հրապարակման հանգամանքները քննության էր առել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը որոշել էր իրականացնել Դավիթ Համբարյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Եվ ահա, վերլուծության արդյունքում՝ արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի եւ անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովը Դավիթ Համբարյանից եւ նրա կնոջից հայցել է պարզաբանումներ։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ իրենց իսկ կասկածներն այդ պարզաբանումներից «փարատվել» են։ Այսպիսով՝ Համբարյանին թույլ են տվել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարել, իսկ կնոջ՝ Էմմա Խաչատրյանի մասով նախաձեռնել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է` ՔՊ-ական ֆրակցիային վերեւից հրահանգել են Դավիթ Խաչատուրյանին ընտրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, չնայած խմբակցությունում այնքան էլ ոգեւորված չեն Խաչատուրյանի թեկնածությամբ, ավելի ճիշտ՝ մի պաշտոնից մյուսին թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել, եւ այդ բոլոր պաշտոններում նրան ընտրել է Ազգային ժողովը` ՔՊ-ի միջոցով: Խաչատուրյանի ընտրությունը դեռեւս նախորդ քառօրյայում էր ընդգրկված ԱԺ օրակարգում, սակայն հետաձգվեց, հայտարարվեց, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ներկայանալ խորհրդարան: Իրականում ՔՊ-ական մեր աղբյուրը խոստովանեց, որ ոչ թե առողջական խնդիրներն են եղել հետաձգման պատճառը, այլ պատգամավորների բացակայությունները, այդ օրն ԱԺ-ում 65 ՔՊ-ական չի եղել: Շատերը գործուղման են եղել, իսկ ՍԴ դատավորի ընտրության համար հարկավոր է 65 ձայն: Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ խմբակցության նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, թե քննարկել են ՍԴ դատավորի ընտրության հարցը: Մինչդեռ ֆրակցիայից մեզ վստահեցնում են, որ այդ հարցը չեն քննարկել, դեռ շաբաթներ առաջ է իրենց ասվել, որ պետք է կողմ քվեարկեն: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Հանրապետության հրապարակում 01․05․2018թ․, ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։
Ժողովուդ օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր. Աղքատության թվային պատկերը հետեւյալն է
• 2018թ․ – 23.5%
• 2019թ․ – 26.4%
• 2020թ․ – 27%
• 2021թ․ – 24․8%
• 2022թ․ – 24․8 %
2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։
Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է․
• 2019թ․ – 43,8%
• 2020թ․ – 47,6%
• 2021թ․ – 45,7%
• 2022թ․ – 41,3%
Ծայրահեղ աղքատությունը 2022թ․ կազմում է 1․2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել»։