VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում կշարունակի հանդիպումները տարբեր հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, իսկ շաբաթվա վերջին արդեն ամփոփիչ հանրահավաք է պլանավորել․ եթե ոչինչ չփոխվի, ապա` մայիսի 26-ին։ Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը, եւ կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկը։
Մինչ մայիսի 26-ը խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ անվստահության նախաձեռնություն կմտցնի խորհրդարանի օրակարգ, ո՛չ էլ հանդես կգա Սահմանադրության նորմը փոխելու նախաձեռնությամբ՝ երկքաղաքացիներին վարչապետի պաշտոնում առաջադրվելու արգելքի վերացման հետ կապված։ Նշենք, որ շաբաթ օրվա հանդիպմանը քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչներ հենց սրբազանին են առաջարկել վարչապետի թեկնածուի պաշտոնում, բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցի, ով թեպետ կողմ է արտահայտվել Փաշինյանի հեռացմանը, սակայն շեշտել է, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ առայժմ չունեն հստակ դիրքորոշում։ Նախորդիվ արված փորձերը` որեւէ քաղաքական դեմքի թեկնածության հետ կապված, անհաջողության են հանդիպել, եւ ընդդիմությունը հասկացել է, որ սրբազանից բացի ցանկացած այլ թեկնածության քննարկում պառակտելու է դաշտը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է այս շարժմանը, թե՞ ոչ: «Իրենք արդեն այս կամ այն կերպով շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ, մտահոգություններ, գաղափարների առաջարկներ ունեն, մենք կքննարկենք․․․ այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք էլ ունեցել ենք առաջարկներ, գաղափարներ, հիմա իրենք խորհրդով էլ կքննեն»,- ասել էր սրբազանը:
Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ-ականները, այդ թվում՝ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ասել են, որ ողջունում են շարժումը, բայց իրենց համար պետք է հստակ լինի, թե ով է Նիկոլին փոխարինողը, եւ պետության զարգացումը, անվտանգությունը որ համակարգերի հետ է նա պատկերացնում։ Անգամ եթե հոգեւորականն է դառնալու պետության ղեկավար, ապա պետք է հստակ նախանշի, թե ինչ ծրագիր ունի` դեմոկրատ է, լիբերալ, պահպանողական: Նաեւ՝ Խաղաղության պայմանագրին ինչ այլընտրանք է առաջարկում։
Սրբազանն ի պատասխան ասել է, որ այդ հարցերի պատասխաններն էլ շուտով կհնչեցնի՝ թերեւս ակնարկելով կիրակի օրվա ամփոփիչ հանրահավաքը: Եվ ՀԱԿ-ի անդամները որոշել են միանշանակ դիրքորոշում չհայտնել սրբազանի թեկնածության վերաբերյալ եւ ակնարկել են, որ դա կանեն միայն այդ հստակեցումներից հետո։ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկ չմեկնաբանեց մեր տեղեկությունները, ասաց միայն, որ շարժումը, բնականաբար, իրենց համար ընդունելի է․ «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի, բայց կան մի շարք հարցեր, ուստի մենք ասել ենք, որ կհետեւենք զարգացումներին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու, ընդհանրապես, հայ ժողովրդի դեմ: Հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ոստիկաններ հաստաբեստ «կենդանի» պատով փակել էին Կիրանց (ու ոչ միայն) տանող ճանապարհները, արգելափակել Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ այդ ամենը պատճառաբանելով ինչ-որ «սահմանապահական աշխատանքներ» իրականացնելու գործընթացով: Դա բազմաթիվ մեկնաբաններ որակում են որպես Կիրանցի բլոկադա՝ նկատելով, որ ոստիկանական լայնածավալ գործողության առանցքային նպատակը Կիրանցի ու մյուս սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը հոգեբանական ահաբեկման ենթարկելն է, ճնշելը, ըստ էության՝ հայկական հողերը թշնամուն հանձնելն սպասարկելը:
Մինչ այս, մինչ այն, երեկ որոշեց իր գոյության մասին հիշեցնել նաև Փաշինյանի արդարադատության նախարարությունը՝ երկարաշունչ պարզաբանումներ տարածելով «սահմանազատման գործընթացի» վերաբերյալ ու «մոլորեցնող» որակելով հողատվության այս ընթացքը քննադատող մասնագետների փաստարկված դիտողությունները: Փաշինյանի արդարադատության նախարարությունն, ըստ այնմ, արդարացնում է իր ղեկավար վարչապետի քմահաճույքով կատարվող շարունակական հանձնողականությունը:
Այդ պարզաբանման ցանկացած կետ է խոցելի, բայց ամենից տարօրինակը իշխանության կողմից թշնամուն հանձնվող հայկական տարածքներում գույքի վերաբերյալ մասն էր, օրինակ՝ այն, որ կիրանցեցիների ունեցած կադաստրի վկայականները... գործնականում անիմաստ թղթի կտորներ են, որովհետև... անճշտությունների վրա արված պետական գրանցումներ են և այլն, և այլն: Մյուս «հակափաստարկն» ընդհանրապես զավեշտից զավեշտ է, թե՝ «նոր սահման չի գծվում», այլ... վերարտադրվում է: Բայց նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները, որ, ի դեպ, սնվում են ՀՀ հարկատուներիս միջոցներով, ադրբեջանական զավթիչներից ու ցեղասպանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ և ուժգին են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջ: Ու նման «փաստարկներով» նույնպիսի հաջողությամբ կարող են հիմք ստեղծել՝ վաղը, մյուս օրը Հայաստանի այլ տարածքներ ևս ադրբեջանական թուրքերինը համարելու և հանձնելու համար: Թե չէ՝ ինչ օրենք, ինչ Սահմանադրություն, ինչ օրինականություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ե՞րբ է նման «մանր-մունր» բաների հետևից ընկել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել ևս, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների սոցցանցերում և հենց կայքերում ուշագրավ պրոցեսներ են ընթանում՝ կապված դիտումների քանակի ու մեկնաբանությունների հետ: Բանն այն է, որ բավական է Բագրատ Սրբազանի նկարով որևէ նյութ հայտնվի որևէ կայքում և այդ լրատվամիջոցի սոցցանցային էջում, միանգամից աճում են ոչ միայն դիտումները, այլև «արձագանքները» (հիմնականում՝ «ջղայնիկի» տեսքով) ու մեկնաբանությունները: Վերջիններիս հեղինակների էջերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեծամասամբ կա՛մ նոր բացված էջեր են՝ առանց որևէ գրառման, կա՛մ հին լինելով՝ դարձյալ որևէ գրառում չունեն: Նկարներն առավելապես կեղծ են, շատերը նույնիսկ նկար չունեն:
Այսինքն, ակնհայտ ստեղծված են «քոմենթ գրելու» և «ջղայնիկ» դնելու համար: Իսկ իրական կամ գոնե բավարար տեղեկատվություն պարունակող էջերի օգտատերերը, որպես կանոն, կատարում են բացարձակ անգրագետ տեքստերով, բազմաթիվ սխալներով, հիմնականում՝ լատինատառ գրառումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի: Արշավին միացել են նաև մերձիշխանական սատելիտները: Ավելին, դրանցից մի քանիսն այնքան են «խորացել» ֆեյք ստեղծելու գործընթացում, որ իրենք իրենց գրառումների տակ են ստիպված տասնյակներով մեկնաբանություններ թողնում ու հաճախ հայտնվում զավեշտալի վիճակում՝ թե՛ գրառումների կրկնության առումով, թե՛ բացարձակ զրոյական ճանաչում և հեղինակություն ունեցող անձի՝ սխալներով լեցուն, իմաստ չպարունակող գրառումների տակ, ասենք, 50-ից ավելի գովերգող մեկնաբանության հայտնվելու տեսակետից: Փորձագետների համոզմամբ, սակայն, Փաշինյանի «փիառչիկներն» իրականում «արջի ծառայություն» են մատուցում նույն Փաշինյանին, քանզի Բագրատ Սրբազանի նկարով նյութերի տակ մեծ քանակությամբ մեկնաբանություններն ու «ջղայնիկները» բազմապատկում են Սրբազանի ասելիքի ու շարժման գաղափարների տարածումը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար: Թե քանի հատ նման շենք է ձեռք բերվել ու ինչի համար, պայմանագրում չի նշվում։ Դրանք, ըստ ամենայնի, շարժական կացարաններ են, որոնց մասին շատ էր խոսվում, երբ Ազատ գյուղում հայտնի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, եւ գիշերով հրկիզվեց զինվորների կացարանը` կեցության եւ անվտանգության տարրական պայմաններից զուրկ այդ վթարային շենքը, ինչի հետեւանքով 15 երիտասարդ զինծառայող մի քանի րոպեում զոհվեց: Այն ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ ժամանակակից մոդուլային կացարաններ ձեռք բերելը թանկ չէ, ուղղակի պետությունը խնայում է միջոցները եւ զինվորներին պահում անմարդկային պայմաններում: Եվ հիմա` փոխանակ նման կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, որոնք որպես շարժական զորանոցներ կծառայեն, ձեռք են բերում ՆԳՆ-ի, ամենայն հավանականությամբ` ոստիկանության համար, որ իշխանություններին պաշտպանելու գործն ավելի պրոֆեսիոնալ եւ նվիրված իրականացնեն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոտ երկու ժամ խմբակցության նիստ են արել` հերթական ԱԺ նիստին ընդառաջ: Նախ վերեւների հրահանգն է փոխանցվել շարքայիններին՝ շարժման մասին վիրավորական, ծաղրող հայտարարություններ, գրառումներ չանել` իրավիճակը էլ ավելի չսրել: Թեժ քննարկում է ծավալվել հատկապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել` նրանց նկատմամբ ԱԱՀ կիրառել, այսինքն` 20 %-ի չափով հարկել: ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական հանձնաժողովի` այս նախագծին տրված դրական եզրակացությանը, ասել են, որ քաղաքացիների բեռն այս փուլում չի կարելի մեծացնել, իսկ այդ փոփոխության հետեւանքով փաստաբանական ծառայությունների արժեքը կմեծանա, ուստի դա կանդրադառնա նաեւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների լայն շերտի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։ Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն եւ ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։ Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը պետությանը նվիրաբերելը ունեցել է կոնկրետ արդյունք` բազմաթիվ տնտեսաքաղաքական մարտահրավերների հորձանուտում գտնվող ԶՊՄԿ-ն չի մոռացել իր ԲՀ-ի միջոցով 2 անգամ մուծվել` վիթխարի` 70 միլիոն դրամի չափով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առաջիկա 2 շաբաթներին ԱԺ-ում բուռն իրադարձություններ են սպասվում, այսօրվանից մեկնարկում են հերթական նիստերը, իսկ ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը մատնում է ՔՊ-ի վախերը, օրակարգում ընդամենը 19 հարց է, որից 7-ը՝ երկրորդ ընթերցման: Ակնհայտ է, որ ՔՊ-ն հակված է հնարավորինս արագ ավարտել աշխատանքները՝ խուսափելով ժողովրդի հետ առերեսումից: Իսկ եկող չորեքշաբթի ԱԺ հանձնաժողովներում կմեկնարկեն 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումները, որին կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, շարժման մեկնարկից ի վեր ՔՊ-ականները խուսափում են հանրային վայրերում լինելուց, եւ նրանց սիրելի ռեստորաններն ու փաբերը բավականին մեծ վնասներ են կրել այս ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաեւ Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ: Նշենք, որ դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ ընդդիմադիր պատգամավորների մի մասն այս օրերին Կիրանցում է, բայց նրանց մյուս մասը, որոնք Երեւանում են, կմասնակցեն նիստերին: Ավելին՝ ինչպես մեզ ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին, պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կին դատավորների մեծ մասը հրաժարվել է ԲԴԽ դատավոր անդամ դառնալուց, եւ նրանք դիմել են ԲԴԽ՝ խնդրելով իրենց անունները հանել ցուցակից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել եւ հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Միաժամանակ կանխատեսել էինք, որ դժվար թե համաձայնողներ լինեն: Եվ ահա, դիմեցինք ԲԴԽ, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ. «Ծանուցում ուղարկվել է բոլոր այն դատավորներին, որոնք համապատասխանել են թափուր հաստիքը համալրելու չափանիշներին. ուղարկված ծանուցումներից բացառությամբ վարչական դատարանի դատավոր Մերի Համաբարձումյանի՝ մնացած ծանուցվածները տեղեկացրել են, որ իրենք չեն ուզում ընդգրկվել քվեարկությունում, հետեւաբար իրենք ավտոմատ դուրս են մնացել»։
Նկատենք, որ առաջին ատյանի դատարանից 10, իսկ մասնագիտացված դատարանից 3 կին դատավոր է ծանուցվել, որ համապատասխանում են ԲԴԽ դատավորի անդամ դառնալու չափանիշներին: Եվ ահա, ծանուցված 13 դատավորներից 12-ը հրաժարվել են գնալ ԲԴԽ ու դիմում են ներկայացրել, որ իրենց անունները չներառեն քվեաթերթիկում։ Ասել է թե՝ կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսեւորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով քննությունն արդեն ավարտվել է, եւ գործը շուտով դատարան կմտնի:
Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց: Կատարվածի առիթով 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ որպես ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած կառավարության ղեկավար, ինչ գնահատական է տալիս եւ ինչ քայլեր է ձեռնարկել այս անպատժելիության առիթով: Այս հարցադրումները ՀՀ Կառավարությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ: Նախարարությունից այսպիսի պատասխան ենք ստացել. «ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության 2024 թվականի ապրիլի 22-ի գրությամբ, տեղեկացնում եմ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների կապակցությամբ հիշյալ վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է եւ որոշվել է դրան անդրադառնալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 57120424 քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով։ Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին՝ մի քանի մետր այն կողմ տարել՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր։ Սկսել էին ձեռքերով հարվածել. այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Հետո խմբով թքել էին նրա վրա։ Այնուհետեւ՝ նրան չոքած վիճակում պահելով, ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։ Այս արարքների համար որեւէ մեկը չի պատժվել. դեպքից անցել է արդեն մեկ ամսից ավելի:»։