Մի քանի կարևոր իրավական պարզաբանում հավաքների մասնակիցների իրավունքների հետ կապված
"Թաթոյան" հիմնադրամը ուղեցույց է հրապարակել.
"Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ`
Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները.
- բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:
Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:
Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի":
Հիշեցնենք, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Առավոտվանից փողոցներ են փակվում, ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում: Ժամը 10.00-ի դրությամբ ՆԳՆ-ն հայտնել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 38 քաղաքացու բերման ենթարկելու մասին: