24.11.2024
Բավակա՛ն է Ալիևի հետ միասին մեզ պատերազմով սպառնան. Հայրապետյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. սպասում են երթը հասնի Երևան. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երեւան իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։  Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով հասկացրել են, որ մի փոքր սպասեն իրենց քրեական վարույթների հարցով, մինչեւ հասկանան՝ երթը գա, հասնի Երեւան, ի՞նչ իրավիճակ է լինելու, որից հետո պարզ կլինի ընթացքը։ Դատելով իրավիճակից՝ իրավապահ համակարգում մտավախություններ կան, որ, միգուցե, երթը հասնի Երեւան, ու իրավապահ համակարգում գործընթացներ սկսվեն. ուստի արդեն իսկ առկա քրեական վարույթներով նոր նախաձեռնություններ անելու ժամանակը չէ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։ Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։ Երեկ նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներից ահազանգեր ստացանք․ նրանց ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք երթին, կազատվեք աշխատանքից:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝ լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ, ով է վարչապետի իրենց թեկնածուն, պարզվում է` իր հետ քայլող քաղաքական-հասարակական դեմքերի հետ էլ նման քննարկումներ չի ծավալում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որեւէ ազդեցության չի ենթարկվում եւ որեւէ քաղաքական ուժի, առավել եւս անհատի հետ չի քննարկում իր անելիքները, ուր մնաց համաձայնեցներ: Թեպետ որոշ ուժեր եւ հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ սրբազանը որքան մեղմ ու հանդուրժող է երեւում, նույնքան էլ անկառավարելի եւ ամուր մարդ է։ Ոմանք ենթադրում են, որ նա միայն Մայր Աթոռին ու Վեհափառին է հաշվետու եւ վերջինիս հետ է քննարկում շարժման մարտավարությունը, սակայն նրան ճանաչողները դրան էլ են կասկածում:


Բավականին ծանր վիճակում է հայտնվել տիտղոսակիր ընդդիմությունը` քոչարյանական եւ սերժական թիմերը: Նրանք, մի կողմից, չեն կարող ձեռնպահ մնալ շարժմանը մասնակցելուց, մյուս կողմից` դեմ չեն լինի, եթե իրենց դոմինանտությունը հաստատվի, բայց նախկինների ուրվականը կարող է վնասել շարժմանը, ուստի առայժմ միայն զգուշավոր են, թեեւ խանդով են վերաբերվում կոնկուրենտ թիմի մասնակցությանը: Ի դեպ, լավատեղյակները պատմում են, որ դեռեւս 44-օրյայից հետո, երբ խոսք էր գնում անկլավները հանձնելու մասին, եւ պարզ էր, որ դա նախ վերաբերելու է Տավուշին, սրբազանը գրեթե երդում է տվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, կյանքի գնով էլ լինի` փորձելու է կանխել պետականակործան այդ ծրագիրը։ Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ քայլերթ է սկսվել Կիրանցից: Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երեւան։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիեւի լիարժեք աջակցությունն ունի, եւ նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչեւ այս շարժման հարցերը լուծեն: Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման արդյունքում իրենք ոչ թե հող են կորցնելու, այլ մի բան էլ գրավելու են։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կիրանցեցիներին հյուրընկալել էր կառավարությունում ու անձամբ էր գուժել, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը կիսվելու է` որոշ տներ մնալու են Ադրբեջանին, իսկ դպրոցը պաշտպանելու համար Հ1-ի եթերում ասում էր` ծառեր կտնկենք։


Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը երեկ ուղիղ եթերում Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ ասել է, որ մենք ոչինչ չենք կորցնում, մի բան էլ 3 հեկտար ադրբեջանական հողերից մեզ է անցնում։ «Հիմա սպասում ենք գյուղի եւ կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք»,- ասել է նա: Հարցին՝ ո՞վ է ասել, որ սառեցրել են, պատասխանել է․ «Մարդիկ թողել գնացել են»:


Կիրանցեցիներից տեղեկացանք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԱԾ-ի աշխատակիցները գյուղից չեն հեռացել։ Որ իշխանությունը հերթական սուտն է տարածում, մատնեց Հանրայինի եւ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի «օպերատիվությունը», որոնք համայնքապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածեցին, իշխանական քարոզիչներն էլ սկսեցին ստատուսներ գրել՝ ո՞ւմ համար է պայքարում սրբազանը, եթե կիրանցեցիները գոհ են գործընթացից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտական փուլի մեջ է գտնվում, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ փետրվարի 16-ից: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։


Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ նախկին ղեկավարի հասցեին, որոնք մինչ օրս չէին ասվել, որ գաղտնալսման ձայնագրության մի մասն է միայն հրապարակվել, իսկ մնացած մասով Վանեցյանին դարձրել են «օտարերկրյա հատուկ ծառայության ազդեցության գործակալ»: Ապա նրա ընտանեկան թերթը գրեց, թե Վանեցյանը մեկնել է Դուբայ, ընդ որում՝ գրեց այն պահին, երբ նա դեռ ինքնաթիռում էր: Թե ինչով է բացատրվում այս ատելությունը Վանեցյանի հանդեպ, ում հեղափոխությունից հետո հենց ինքն է նշանակել ԱԱԾ ղեկավար եւ ում ժամանակին վանկարկումներով բեմ էր բարձրացնում, դժվար է ասել: Փաստ է, որ Վանեցյանն այսօր չկա քաղաքական պայքարի ասպարեզում, բայց առաջիններից էր, որ 2019-ին «կանգ առի» կոչ արեց:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնել էին երեկ, ինքնասպան է եղել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։ Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը։ Ի դեպ, նա ամուսնացած էր եւ իր խնամքի տակ ուներ երեխաներ։ Նշենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով՝ ընթանում է քննություն»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «07․06․2018 թվականին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»: Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման ժամանակ վերահաստատեց. «Մենք պետք է շարունակենք նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարեւոր ներդրումն է եւ մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից»:


Սակայն իրականում Ժողովուրդ օրաթերթը անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ 2018 թվականից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձեւ՝ հետեւյալ պետությունների կողմից․


• 26․04․2019թ․ Պորտուգալիայի խորհրդարան


• 30․10․2019թ․ 12․12․2019թ․, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ ԱՄՆ սենատ


• 06․05․2021թ․ Լատվիայի Հանրապետության խորհրդարան


• 08․02․2023թ․ Մեքսիկայի Սենատի հռչակագիր


2022 թվականի հունվարի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել՝ պատասխանելով հարցին, թե՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից եւ սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին: «Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները», – նշեց նա։ Իսկ այս տարվա՝ 24.04.2024-ի ուղերձում ոչ մի խոսք արդեն չկար ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի մասին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»։