Գյուլենն անձամբ մասնակցություն չի ունեցել Թուրքիայում հեղաշրջման փորձին․ ԵՄ-ի գաղտնի փաստաթուղթ
Die Presse գերմանական պարբերականի տրամադրության տակ հայտնվել է Եվրամիության Հետախուզական և իրավիճակային կենտրոնի (EUINTCEN) գաղտնի փաստաթուղթը, որի բովանդակությունը հակասում է Անկարայի պաշտոնական տարբերակին․ եվրոպացի փորձագետների կարծիքով ՝ «գրեթե անհավանական է», որ ԱՄՆ-ում բնակվող իսկամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը դերակատարում է ունեցել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործում։
EUINTCEN-ի փորձագետները, հիմնվելով հատուկ ծառայությունների տվյալների վրա, հեղաշրջումից մի քանի ամիս անց եկել են այն եզրահանգման, որ հեղափոխությունը նախապատրաստել են ոչ միայն «գյուլենականների» համախոհնեը, այլ նաև այլ խմբավորումների ներկայացուցիչներ, ինչպիսք են՝ «քեմալականները», որոնց աջակցել են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության այլ հակառակորդներ՝ ասվում է հոդվածում։
Եվրոպացի փորձագետների գնահատմամբ՝ հեղաշրջման պատճառը ոչ միայն փոփոխությունների ձգտումն էր, որքան ձերբակալվելու վախը։ Որոշ տվյալներով՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը նախատեսել էր լայնամասշտաբ «մաքրումներ» իրականացնել 2016թ․ օգոստոսին։ Եթե վերլուծաբանների եզրակացությունները ճիշտ են, ապա ընդվզումը սպայական անձնակազմի խուճապային արձագանքն էր, որոնք ցանկանում էին կանխել սեփական ձերբակալությունը։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գյուլենի շուրջ ձևավորված շարժումը Էրդողանի համար դարձավ քավության նոխազ։ EUINTCEN-ը դեռ անցած տարի նախազգուշացրել էր, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը կարող է դառնալ հիանալի պատրվակ կոնսոլիդացման և նախագահի լիազորություններն ընդլայնելու համար։Ապացույց է ծառայում այն փաստը, որ հետախուզվող անձանց ցուցակում ոչ միայն «գյուլենականներն են», այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք քննադատում են իշխող կուսակցությանը։
Օգտվելով այս ամենից՝ նախագահ Էրդողանը մտադիր է փոփոխություններ մտցնել սահմանադրությունում և Թուրքիան վերածել նախագահական հանրապետության, որում պետության ղեկավարը կունենա լայն լիազորություններ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորներին նշանակելու, կառավարության անդամներին պաշտոններից հեռացնելու, օրինագծերը վերամշակման համար խորհրդարանին փոխանցելու իրավունք՝ եզրափակում է հոդվածագիրը։