26.11.2024
Սիդնեյում հայկական, հունական և ասորական համայնքները Արդարության երթ կանցկացնեն
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության ուղիները

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։


Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար:


Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում: Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար:


Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:


Վրաստանի Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին ջերմ ընդունելության համար: Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը:


Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող Հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար: