VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելում վաղը նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը լույս կսփռի՝ արդյոք ՀՀ-ն ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի՞, կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը, թե՞ կշարունակի պահպանել երերուն ստատուս-քվոն` Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ ՔՊ-ում հատկապես անհամբեր սպասում են այդ հանդիպման արդյունքներին, որից հետո կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջնական «իտոգի» կգան։ Բանն այն է, որ վարչապետի ու իշխանական օրենսդիրների վերջին փակ հանդիպման ժամանակ թիմը հերթական անգամ դիրքորոշում է հայտնել, որ չարժե գնալ արկածախնդրության եւ ԵՄ անդամության հայտ ներկայացնել` մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը», անգամ կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն Զանգեզուրի միջանցք արժենալ, այլեւ ամբողջ Սյունիք: Բայց ի վերջո եկել են եզրահանգման, որ պետք է Արեւմուտքից կոնկրետ երաշխիքներ պահանջել՝ ֆինանսական լուրջ աջակցության տեսքով: Անգամ հաշվարկ են արել, որ Արեւմուտքն առնվազն 7-8 տարի` տարեկան 2-3 մլրդ դոլար պետք է Հայաստանին հատկացնի, որ հնարավոր լինի դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը` տարանջատվել Ռուսաստանից, Ռուսաստանին էլ դուրս մղել տարածաշրջանից։ Այսինքն, այս «դավաճանությունը» գին ունի, եւ դա տարեկան 3 միլիարդ դոլար է: Մեզ պատմեցին, որ Փաշինյանը թիմակիցների մտահոգություններին ի պատասխան ասել է, թե նման հավաստիացումներ իրեն չեն տվել, սակայն ՔՊ-ի նեղ կազմին փոխանցել է, որ կարծես համաձայն են ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Գոնե մոտ մեկ միլիարդ դոլարի չափով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի հարցերի հանձնախմբի համակարգող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հանձնախմբի որոշ անդամներ տարեսկզբին հանդիպել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի հանձնախումբը հարկ է համարել իրենց անելիքների մասին տեղեկացնել ՀՀ իշխանության պատկան գերատեսչություններին՝ հույս ունենալով, որ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային աջակցություն կցուցաբերեն իրենց ինչ-ինչ հարցերում։ Հանձնախումբը քննարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպելու տարբերակները, ի վերջո, նախապատվությունը տվել են ծագումով արցախցի Գրիգորյանի հետ հանդիպելուն՝ հույս ունենալով, որ նա իրենց համախոհը կդառնա, եւ համագործակցություն կստեղծվի։ Սակայն հադրութեցի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումն անցել է աննկարագրելի սառը մթնոլորտում: Մեզ պատմեցին, որ ընդամենը 20-30 րոպե է տեւել այն, ներկայացվել են հանձնախմբի անելիքներն ու առաքելությունը, փորձել են նրան հասկացնել, որ եթե անգամ մեծ արդյունքների հնարավոր չլինի հասնել, գոնե հարցը տաք կպահեն, եւ դա կնպաստի Հայաստանի պաշտպանության հզորացմանը, ադրբեջանական ագրեսիան կզսպի։ Սակայն Արմեն Գրիգորյանն անգամ չի ցանկացել մինչեւ վերջ լսել հանձնախմբին եւ հասկացրել է, որ Արցախի թեման փակված է` իշխանությունն անելիք չի տեսնում այդ հարցում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով, նորանոր ուժեր ներգրավելով եւ մեթոդներ կիրառելով: Այս անգամ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։ Իհարկե, մետաղորսիչներ կային կառավարությունում, բայց երեւի սրանք ավելի ժամանակակից են ու վստահելի: Եթե նույնքան ջանք, որքան Փաշինյանը գործադրում է անձնական անվտանգությունն ապահովելու համար, գործադրեր պետության անվտանգության ուղղությամբ, Հայաստանը գուցե իրապես դառնար այն խաղաղ Շվեյցարիան, որի մասին ՔՊ-ականներն առավոտից երեկո հայտարարում են իրենց կենացներում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, քննադատում է ռուսներին, ակնհայտ հակառուսական քայլեր իրականացնում, մյուս կողմից՝ քավորին, ՔՊ խմբակցությունից եւս 2 հոգու, որպես դիտորդ, ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու: Ավելին՝ նրանք տվել են դրական եզրակացություն՝ ՌԴ նախագահական ընտրությունների թափանցիկության, արդարության եւ օրինականության վերաբերյալ: Այսպիսով, մարտի 15֊ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, երկկողմ փոխհարաբերությունների բերումով ՌԴ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2024 թվականի մարտի 14-18-ը Մոսկվա են գործուղվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Դրանից բացի, ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափով դարձյալ Մոսկվա են գործուղվել ՔՊ անդամ երկու պատգամավորներ Ալեքսանդր Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը:
Վերջիններս նաեւ միասնական եզրակացություն են ստորագրել, համաձայն որի՝ ՌԴ նախագահի ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: Ասել է թե՝ Պուտինը լեգիտիմ նախագահ է: Եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում: «Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի քավոր, ՔՊ-ական Վահե Ղալումյանից փորձեց պարզել՝ արդյոք ինքն անձամբ այնտեղ Պուտինի ընտրության մշտադիտարկման աշխատանքներին մասնակցել է. եթե այո, ինչ-որ խախտումներ արձանագրել է արդյոք։ ՔՊ-ականն իրեն հատուկ ոճով հարցը լսելիս անջատեց ու այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Որպես ամփոփում թերևս արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկայունությունը դրսեւորվում է նաեւ ամենասուր պահերին։ Մի կողմից՝ ՌԴ-ի դեմ արշավներ է անում, մյուս կողմից՝ իր միջազգային գործընկերների պատկերացումներին տրամագծորեն հակառակ քայլեր է անում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, եթե չոր հաշվարկ անենք։ Այս տարիների ընթացքում նախկինների կողմից արմատացած մոլությունները մերժող այսօրվա իշխանությունները ստեղծեցին նոր պաշտամունքներ՝ թեժացնելով աթոռապաշտությունն ու անձի պաշտամունքի գաղափարը։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կախված են սեփական աթոռից, իսկ հեռանալու վտանգը, հաշվարկված օրերի համաձայն, դամոկլյան սրերի պես կախված է նրանց գլխին։ Անհայտ է, թե վերջին տարիներին Արցախի 11.458 կմ² տարածքը հանձնած եւ ՀՀ սուվերեն որոշ տարածքների նկատմամբ ակնհայտ հակահայ նպատակներ հետապնդող ՀՀ վարչապետը ինչպես է պատրաստվում հուսալ, որ կարժանանա ժողովրդի վստահության քվեին։ Անգամ «Գելլափ»֊ի հարցումները, ամերիկյան կազմակերպությունների հարցումները հրապարակավ վկայում են, որ հաջորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը այսօրվա միահեծան կառավարման համակարգը չի ունենալու, եթե չասենք, որ Սահակաշվիլու նման նրան կմերժի ժողովուրդը. Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը Արտաշատում՝ ներկուսակցական հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնեւյան» ոճով քծնել, գովերգել է «շեֆին»՝ Նիկոլ Փաշինյանին, «պետությունը, կուսակցությունը բարձր մակարդակով կառավարելու համար»։ Հատկապես ներկուսակցական կարգուկանոնն է բարձր գնահատել եւ դա վերագրել է նրան, որ վարչությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը: Քծնանքն այնքան անթաքույց է եղել, որ անգամ ՔՊ-ականներն են տարակուսել: Հիշեցնենք, որ նախկինում ՔՊ վարչության նախագահ են եղել Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը: 2022 թ․ հոկտեմբերին վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Թեեւ պարզ է, որ նախորդ նախագահների ժամանակ էլ որոշումները կայացրել է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ի ապրիլմեկյան կատակների շարքը, հերիք չէ, իշխանականների վերնախավը սրտին շատ մոտիկ ընդունեց, հիմա էլ այդ կատակներից մեկը կարծես աստիճանաբար ճշմարտություն է դառնում։ Խոսքն «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, եւ դժվար թե մինչեւ 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում եւ սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»։ Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել: Հիշեցնենք, որ բուհերը ինքնավար մարմիններ են եւ, ըստ օրենսդրության, անկախ են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքից կազատվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Չնայած դա կձևակերպվի որպես պաշտոնանկություն «սեփական դիմումի համաձայն», սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան պարզապես «առաջարկել» են դիմում գրել ու լուռումունջ հեռանալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն, ինչպես կառավարության մեր աղբյուրը նշեց, նա, մեղմ ասած, ձախողվել է և ազատվել աշխատանքից:
Սակայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո վերջինիս օգնական Աշոտ Առուշանյանի միջնորդությամբ Արմեն Դանիել յանը վերադարձել է կառույց՝ արդեն որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ նա սկսել է իր ղեկավարի՝ Արթուր Ասոյանի «տակը փորել»՝ հույսով, որ ինքը կնշանակվի գրասենյակի ղեկավար: Ասոյանին, ի վերջո, 2022 թ. հոկտեմբերի 3-ից ազատել են աշխատանքից, որից հետո Դանիել յանը ավելի վաղ նշանակված տեղակալի առկայության պայմաններում եղել է ղեկավարի պաշտոնակատար, բայց գրասենյակի ղեկավար չի նշանակվել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, նա սկսել է աշխատել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ՝ նույն հավակնություններով:
Վերջինս աշխատանքից ազատվել է 2023 թ. հունվարի 27-ին: Սակայն, չնայած Արայիկ Հարությունյանի ջանքերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիելյանի թեկնածությունը չի հաստատել, ինչից վերջինս, մեր աղբյուրների փոխանցմամբ, չափազանց վրդովված ու ընկճված է եղել: Այդուամենայնիվ, Դանիելյանը չի «հանձնվել» ու սկսել է աշխատել ՍԱՏՄ նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի դեմ: Հիմա, կարծես թե, Արայիկ Հարությունյանը վերջնական «հաջողության» է հասել, և առաջիկայում ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի իր «կադրը»՝ Արմեն Դանիելյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։ Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:
Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:
Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները դրական են տրամադրված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպմանը եւ, ինչպես ներքին խոսակցությունների ժամանակ են ասել, արդեն նրան մեկ անգամ լսել են ու քվեարկել, որ նա Վճռաբեկ դատարանի դատավոր դառնա, ուստի այս անգամ էլ որոշումը դրական կլինի։ Ըստ էության, ՔՊ-ականները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հաճոյանալու համար կքվեարկեն նրա եղբոր օգտին հնարավոր քրեական պատասխանատվությունից իրենց ապահովագրելու համար։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նկատենք, որ Դավիթ Խաչատուրյանին առաջին անգամ դատավորները մերժեցին, եւ նրա փոխարեն ԱԺ գնաց Դավիթ Բալայանը, սակայն ՔՊ-ն մերժեց նրան։ Արդյունքում դատավորները երկրորդ անգամ հավաքվեցին եւ, ըստ էության, ճնշումների արդյունքում քվեարկեցին Սասուն Խաչատրյանի եղբոր օգտին, ու նա կգնա ԱԺ՝ ներկայանալու ՔՊ-ի դատին»: