ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 1-ին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք։
Այս մասին հայտնում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը:
Նրանք Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։
Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
«Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկներն ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման շրջանակում։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշակոթողին։
Պաշտպանն այցելել է նաև Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցի: Տեր Նիկադիմ Յուխանաևը Պաշտպանին ներկայացրել է եկեղեցու պատմությունը, կրոնական առանձնահատկությունները:
Վերին Դվին կատարած այցի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, վերջիններիս կրթության իրավունքին, խտրականության, անհանդուրժողականության, բուլինգի դեմ պայքարին:
«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ, վերջինիս ձևավորմանը յուրաքանչյուրս պետք է նպաստի իր ամենօրյա վարքագծով։ Մենք պետք է լինենք արժեքների տարածման առաջամարտիկ, այլ ոչ հակաարժեքների հետևորդ»,-նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունն, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը:
Այցի վերջում Պաշտպանն ու հանդիպման մասնակիցները երկուստեք շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար: