Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում։ Այս մասին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Մասնավորապես, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։
VERELQ-ը հիշեցնում է, որ կիրակի օրը Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո վարույթ հարուցվեց: ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն:
Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։