Խմելու ջրի սակագինը 2024 թվականին սպառողների համար չի թանկանա. կառավարություն
Հայաստանի կառավարությունը մարտի 28-ի նիստում ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում՝ 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
2024 թվականի պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թ. համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205 992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. պետբյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։
Քանի որ 2024 թվականի դեկտեմբերի մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվարի 15-ը, հետևաբար, 2024 թ. դեկտեմբերի համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թվականի պետբյուջեի նախագծում: