Այն հայտարարությունները, թե Հայաստանում գործում է Արցախի «վտարանդի կառավարություն», սպառնալիք են ազգային անվտանգության համար, պաշտոնական Երևանը նման կառույց չի ճանաչում։ Այս մասին կառավարության մարտի 28-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա ձեռնարկում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ և քայլեր, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարության մասին:
Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում կա կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս ուղերձը շատ պարզ է. անհրաժեշտության դեպքում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի օտարերկրյա ուժերը որոշակի շրջանակների չօգտագործեն Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար», - հայտարարել է նա։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող գոյություն ունենալ որևէ այլ կառավարություն, բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ «Եթե Հայաստանում որևէ մեկն իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ազգային անվտանգության հարց է: Սա պարզ հայտարարություն չէ, սա հստակ ուղերձ է, և այդ ուղերձը պետք է արտահայտվի իրական կյանքում», - հավելեց Փաշինյանը։
Ֆրանսիական Լe Figaro պարբերականին տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք գոյություն ունի Արցախի վտարանդի պետություն և կառավարություն: Նա ասել է, որ աշխատում է Երևանում այն շենքում, որտեղ գտնվում են նախագահի և Արցախի դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Նրա խոսքով, պատգամավորները ևս կարող են հավաքվել այդ շենքում քվեարկության համար:
Շահրամանյանն ասել է, որ թեպետ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դրա ստորագրումը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր:
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը: Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ բոլոր պետական մարմինները լուծարվում են, և 2024 թվականի հունվարի 1-ից Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված զանգվածաբար լքել են հանրապետության տարածքը և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: