24.11.2024
+20․․․+22 աստիճան. գարունը վերջապես կջերմացնի
prev Նախորդ նորություն

Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տեղամաս

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին:


Նրանց ուղեկցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք:


ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով:


Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին:


ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում:


Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են: