ՀԱՊԿ քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը ՀՀ հետ հարաբերությունների ֆոնին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցել քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ, գրում է Коммерсант-ը։
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին ընդունված որոշումների մասին։
«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը... Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,- ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին պատասխանել է գլխավոր քարտուղարը։ Ըստ Թասմագամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները Մոսկվային ծանուցել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը հնարավոր է դուրս գա ՀԱՊԿ-ից, եթե Երևանին չբավարարի կազմակերպության գործընկերների տեսլականը այն հարցում, թե որտեղ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը և որտեղ է գտնվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ ՌԴ ԱԳՆ-ն նման հռետորաբանությունը վիրավորական է անվանել։