Հ. Բագրատյանի՝ Press Կենտրոն հաղորդման ժամանակ Շաքե Իսայանի հետ զրույցից ցավոտ մեջբերում անեմ. «Մարդ չկա էս երկրում, ինձ թվում է՝ էս երկիրը մտավորական չունի արդեն, տնտեսագետ չունի, դոկտորներ չկան, ոչ ոք չի խոսում, էս երկիրը մեռած ա արդեն, էս երկիրը կարծիք չունի»։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
"Անլեզու երկիր ենք դարձել, մի խոսքով։ Սա նման է պատմական էքսպերիմենտի։
Պարզ չէ՞, որ նման երկրի գլխին իշխանությունը ինչ ուզի կանի, պարզ չէ՞, որ նման երկրից թշնամին ինչ ուզի՝ կտանի։
Անմռունչ հասարակություն, որի հետ մի քանի կիսագրագետով ինչ ուզում՝ անում են։ Մարդիկ վախենում են իրենց ամենափոքր շահերը պաշտպանելուց։ Առավելագույնը մի ֆրազ են կրկնում՝ մի քաղաքականացրեք, ու մի թեթև կմկմում իրենց պրոբլեմից։
Ով ինչ փորձանք ուզում՝ բերում է։ Դեղ առնելու հնարավորություն չեն տալիս. հա´մ բժիշկն է վախենում դրա դեմ բողոքելուց, համ՝ հիվանդը։ Ամեն ոլորտում ընդամենը մի քանի հոգի են, որ խոսում են։ Բոլոր փողոցները այլանդակ փոսեր են, մեքենաները ջարդվում են՝ նորմալ է։
Ակնհայտ արկածախնդրությամբ՝ իշխանությունը մեզ բոլորիս տանում է աղետի. հասարակությունը ձայն չի հանում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Վաղը, որ Երևանը ռմբակոծեն, էլի ասելու են՝ մի քաղաքականացրեք, սա քաղաքական հարց չի, զուտ ռմբակոծության հարց է։
Սա հասարակություն չէ, սա մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որն ինքներս ենք սարքել։
Ադրբեջանը մեր հայրենիքից 4 գյուղ է պահանջում՝ ռեակցիա չկա, ոնց որ մի կգ խնձոր տանի։ Երկիրը մտցնում են Ռուսաստանի հետ սուր առճակատման մեջ. ձայն չկա, ոնց որ իրենք չեն զգալու ողջ հետևանքները։ Այնպիսի վիճակում ենք հիմա, որ մի քանի հոգու մտքով կարող է անցնել՝ արշավ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ առանց հաշվի առնելու պատմական ու հասարակական իրողությունները, առանց հաշվի առնելու եկեղեցու հետևորդների ահռելի բանակը։ Ինչո՞ւ չենք հասկացնում, որ մենք մեկ միլիոն մարդով կարող ենք դուրս գալ փողոց ու կանգնել եկեղեցու կողքին. Ինչո՞ւ չեն վախենում այս տարբերակից։
Նրանց թվում է, որ այս հասարակության հետ կարող են ցանկացած խաղ անել, ահա թե ինչ երերուն է դարձել հասարակության «շենքը»։
Երբ գերմանացիք Աուշվիցից հեռացել են, զգալի քանակությամբ գերիներ դեռ մնացել են այնտեղ, իսկ ռուսները միանգամից չեն եկել, կարծեմ՝ մոտ 10 օր հետո։ Այդ ընթացքում խեղճ մարդիկ ուժ և կամք չեն ունեցել՝ գիտակցելու, որ իրենք արդեն ազատ են ու պետք է ինքնակազմակերպվեն։ Տարրական սնունդ կազմակերպեն, տաքացնեն բարաքները, դուրս գան համակենտրոնացման ճամբարի՝ այլևս չվերահսկվող պարիսպներից։
Մենք հիմա նման վիճակում ենք՝ ժամանակի և իրականության կորստով՝ մոլորված, քանդված։
Իհարկե, սա էլ է ապրելու ձև, եթե թողնեն, որ գոնե այսպես ապրենք, բայց խնդիրն այն է, որ չեն թողնելու, ավելի վատ է լինելու, ավելի մեծ արհավիրք է լինելու։
Ուրեմն պետք է փոխել մթնոլորտը, փոխել տրամադրությունները։ Ինչպե՞ս։
Մեր միակ ռեսուրսը չլռող շերտն է։ Նրանք կան, և նրանք քիչ չեն։ Բայց կյանքն ապացուցում է, որ այս պայմաններում դա բավարար չէ։ Մենք ունենք պայքարի մենեջմենթի և կառուցվածքի լուրջ խնդիր։
Այսօր բոլոր ընտրազանգվածները անտեր են մնացել։ Սա դժվար է ընդունել, բայց բանալին այդտեղ է։
Լուծումը Չլռողներից նոր գրագետ ձևաչափեր ստեղծելն է, որպեսզի լայն հասարակության հետ ստացվի երկխոսություն։ Չլռողների 90 տոկոսի պայքարի միակ տեղն այսօր կամ սոցցանցերն են կամ տանը փակված խելագարվելը՝ որպես արդյունք հանրային պրոցեսների բացակայության։ Հետևաբար պետք է ստեղծել համատեղ աշխատանքի ընդունելի ֆորմատներ, որպեսզի չլռող մարդիկ մտնեն պրոցեսի մեջ, հետո ներգրավեն լռողներից նոր շերտերի։ Եթե կա ապագա, ապա նոր խելացի ձևաչափերով է միայն այն հնարավոր"։